12.04.2019 12:48

HRW. Ասանժին ԱՄՆ-ին հանձնելը լրագրողների համար վտանգավոր հետևանքներ կունենա

HRW. Ասանժին ԱՄՆ-ին հանձնելը լրագրողների համար վտանգավոր հետևանքներ կունենա

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին հղի է վտանգավոր հետևանքներով լրագրողների համար: Այդ մասին ասվում է  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ հինգշաբթի տարածած հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

«Ջուլիան Ասանժի արտահանձնումը Միացյալ Նահանգներին, ենթադրաբար՝ համակարգիչների կիրառմամբ հանցագործությունների համար, այս թվային դարաշրջանում կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ լրագրողների համար »,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

 «Ջուլիան Ասանժի դատական հետապնդումը այնպիսի գործունեության համար, որը հաճախ ասոցացվում է հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող նորությունների, այդ թվում՝ նրբին ու գաղտնի լուրերի հրապարակման հետ, կարող է նախադեպ հանդիսանալ բոլոր լրատվական կազմակերպությունների համար,- նախազգուշացրել է HRW գլխավոր իրավախորհրդատու Դինա Քեմփները:- Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անթաքույց թշնամանքը առաջատար ԶԼՄ-ների նկատմամբ իր ավանդն է ներդնում ամբողջ աշխարհում լրագրողական հետաքննությունների համար ավելի ու ավելի վտանգավոր միջավայր ստեծելու գործում»:

HRW-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու մասին որոշում կայացնելիս «հաշվի առնել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում կալանքի տակ պահվելու այն հավանական պայմանները, որոնք կառաջարկվեն ազգային անվտանգությանն առնչվող հանցագործություններում մեղադրվող մարդուն»:

Փոխանցում է tass.ru-ն: