12.04.2019 15:34

Լիզա Ճաղարյան. «Եթիմ շներն» ու մեր փուչ սնապարծությունը

Լիզա Ճաղարյան. «Եթիմ շներն» ու մեր փուչ սնապարծությունը

Գիտե՞ք՝ ովքեր էին «եթիմ շները»։

Ասեմ միանգամից։ Մանկատանը մեծացած երեխաներ էին, որոնք չափահաս էին դարձել, եւ պետությունը Նոր Նորքի ուսանողական հանրակացարաններից մեկի այն հարկում, որտեղ ընտանիքներ էին ապրում, նրանց երկու սենյակ էր տրամադրել։ Մի սենյակում տղաներն էին ապրում, մյուսում՝ աղջիկները։ 90-ականների մի շրջան որդուս հետ ես էլ էի ապրում այդտեղ, եւ հենց այդտեղ էլ իմ ազգային շատ նեղլիկ սնապարծությունը երկրորդ հարվածը ստացավ։

Առաջինը դրանից ահագին տարիներ առաջ էր. այդ օրն էլ իմ շենշող սնապարծության գլխին սառը ջուր լցրեց մի քաջատեղյակ մարդ՝ ասելով, որ Հայաստանի մանկատների երեխաների մեծ մասը մայր ունի։ Վստահ եմ, շատերը կհակադարձեն, որ ստիպված են եղել մանկատուն հանձնել, այլ ելք չեն ունեցել, բա ի՞նչ անեին, եթե մի անգամ «խաբվել են»՝ վե՞րջ, ամբողջ կյանքներն անմարդ մնա՞ն։

Դուք շարունակեք ծանրակշիռ փաստարկներ բերել, ես ընդամենն ասեմ՝ տարիներ շարունակ վստահ եմ եղել, որ Հայաստանի մանկատներում ապրում են բացառապես անմայր երեխաները, եւ այդ դառը բացահայտման անսպասելիությունից կուչ եկա ու դարձա մի բուռ։ Եվ թե ով ինչքան էր մեղավոր կամ մեղավոր չէր սրա համար, այսօրվա քննարկելիք թեմայիս շրջանակից դուրս է։

Երկրորդ հարվածը ահա այս երեխաների նկատմամբ հանրակացարանի բնակիչների վերաբերմունքն էր։ «Եթիմ շներին» վերաբերվում էին քամահրանքով, լավագույն դեպքում՝ չէին նկատում։ Իսկ չնկատել հնարավոր չէր։ Հնարավոր չէր չնկատել, որ վանդակն ընկած գազանիկների պես աշխարհին նայում էին անզոր թշնամությամբ։ Ես անհաջող փորձ արեցի նրանց հետ բարեկամանալու։ Իմ այդ շրջանի խեղճուկրակ հնարավորություններով համով ճաշիկներ պատրաստեցի, հրավիրեցի, հյուրասիրեցի, փորձեցի զրուցել հետները։ Ես էի անճարակ «հոգեբան», թե իրենք էին մանկատանն ապրած տարիների ընթացքում «անպարտելի» դարձել՝ չգիտեմ։ Իմ դիմաց նստած էին «եթիմ շան» բեռի տակ կքված երեխաներ, ֆիզիկական արատներն էլ գումարած. մեկը դժվարությամբ էր բառերն արտաբերում, մյուսի գլուխն էր ուսերի վրա դողդողում, երրորդի մի ձեռքն էր խեղված... Նստեցին, կերան՝ որքան կարողացան, բալի մուրաբա ունեի, տվեցի իրենց, վերցրին ու գնացին։ Անժպիտ, առանց կեսբերան շնորհակալություն ասելու։ Հաջորդ օրը այդ երեխաներից մեկն եկավ, ասաց՝ մուրաբա եմ ուզում։ Խեղճացած ասացի՝ էլ չկա, էդ մեկն էր։ Կտրուկ շրջվեց ու գնաց։ 

Այսպես անփառունակ ավարտվեց իմ ու մանկատան երեխաների բարեկամությունը, որովհետեւ դրանից հետո այլեւս երեսիս չէին նայում՝ ինչքան էլ փորձում էի շահել նրանց բարեհաճությունը։

Ես այդ երեխաներից չէի վիրավորվել։ Ես հասկանում էի նրանց։ Ես պատկերացնում էի՝ եթե այդ հանրակացարանում, որտեղ իրենք ոչ մեկի չէին խանգարում իրենց ներկայությամբ, «եթիմ շներին» արժանի վերաբերմունք էին տեսնում, ուրեմն ինչեր էին տեսել ու լսել մանկատանը՝ իրենց ծննդյան օրից ի վեր։ Բոլորս՝ հայր ու մայր ունեցողներս, անհոգներս ու սիրո պակաս չունեցածներս պարտք էինք իրենց, մեղավորներն էինք իրենց խեղված ճակատագրերի, եւ ինչ էլ անեինք իրենց համար՝ քիչ էր, եւ նրանցից երախտագիտություն ակնկալողները պարզապես չէին փորձում հասկանալ, թե ինչ դժոխքի միջով են անցել «եթիմ շուն» պիտակով իրենց մանկությունն ու պատանեկությունը մի կերպ հաղթահարած այդ երեխաները։

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը։ Որովհետեւ մինչեւ կոկորդս լցված եմ «մեզ նմանը չկա», «ինչի՞, աշխարհում մեզանից բարի ազգ կա՞» դուրսպրծուկային զառանցանքներից։ Եթե դուք ավելի ցավոտ, ավելի սրտամաշ պատմություն կհիշեք՝ խնդրեմ։ Ինձ համար սա է կեղծ արժեքների ու «ադաթների» տակ ճկռած  ապրողներիս ցնցելու գագաթնակետը։ Սիրում ենք, չէ՞, կրկնել, որ երեխայի պաշտամունքը թեւածում է Հայոց երկնակամարում։

Ի դեպ, չնայած մանկատան երեխաների հետ այդպես էլ չհաջողվեց շփման եզր գտնել, բայց աչքս չէի կտրում նրանցից, ամեն անգամ տեսնելիս լայնատարած ժպտում էի ու անպատասխան մնում, ու մի օր էլ նրանց միացավ մի գեղեցկուհի՝ մանկատան իրենց ընկերուհին էր։ Աղջնակ էր։ Հղի էր։ Մեր հարկի բնակչուհիներից մեկը պատմեց, որ էդ «եթիմ շունը» Հայաստանի երկրորդ թե երրորդ քաղաքում «քարշ է եկել» մեկի հետ, հետո էդ մեկը «ռադ է արել դրան», ու հիմա սա եկել է հանրակացարանի մեր «շանելաբույր» հարկի օդը փչացնում է։

Այդպիսի հոգատարություն, այդպիսի քնքշանք, այդպիսի սիրո հրավառություն, որ ցուցաբերում էին մանկատան սաներն իրենց հղի ընկերուհու նկատմամբ՝ մինչ օրս չեմ տեսել ու կարծում եմ՝ երբեք էլ չեմ տեսնի։ Երբ այդ աղջնակին ծննդատուն տարան, ամբողջ գիշեր լուսացրին ծննդատան պատերի տակ, ու թե հետագայում ինչպես էին գուրգուրում ու սիրում մորն ու մանկանը, նույնիսկ հայոց լեզուն է խեղճ ու անճար՝ վերարտադրելու համար։

Դա հենց այն սերն էր, որ այդ երեխաներն սպասել էին մեզանից ու փոխարենն ստացել էին անափ վիրավորանքներ ու ստորացումներ։

Այստեղ վերջակետ եմ դնում, մնացածը դուք գիտեք։