13.04.2019 14:50

Քոչարյանական բանակցություններ. Օսկանյան. «Տարածքները վերադարձվելու են, եւ խոսքը նաեւ ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու մասին է Նախիջեւանի հետ»

Քոչարյանական բանակցություններ. Օսկանյան. «Տարածքները վերադարձվելու են, եւ խոսքը նաեւ ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու մասին է Նախիջեւանի հետ»

1998-ից սկսյալ՝ առայսօր, եւ 2018-ի հեղափոխությունից հետո` նոր թափով, Ռոբերտ Քոչարյանի թիմն ու քարոզիչները զբաղված են նույն քարոզչական մանիպուլյացիայով. ներքաղաքական դաշտում իրենց արածներն «արդարացնելու» համար նրանք անդադար խաղաքարտ են դարձնում Ղարաբաղի հարցը` իբր բոլորը «հող տվողներ» են, իսկ Քոչարյանը` ոչ միայն «հող պահող» է, այլեւ` իբրեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամենալավ ու նպաստավոր լուծումներ քննարկածը: Եւ անգամ իր ձերբակալությունն են նրա քարոզիչները տեղափոխում այդ դաշտ, թե իբր՝ իրեն բանտարկել են, որ «հողերը տան»:

Քոչարյանի քարոզչական այս գծին («ինքնաբուխ») միացել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցից բացարձակապես գաղափար չունեցող լրագրողներ ու «վերլուծաբաններ», որոնց բանակցային գիտելիքները սահմանափակվում են բացառապես այդ բանակցությունների վերաբերյալ Քոչարյանի եւ նրա խոսնակի մեկնաբանություններով:

Նախ հիշեցնենք, որ Քոչարյանի` Հայաստանի նախագահ դառնալուց հետո, իր կողմից որպես բանակցությունների հիմք պաշտոնապես համաձայնություն է տրվել 3 փաստաթղթի. 1998` «Ընդհանուր պետություն», 2001` «Քի-Ուեսթյան» տարբերակ, 2007՝ «Մադրիդյան» տարբերակ: ԲՈԼՈՐ այս փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ի շուրջը ձեւավորված անվտանգության գոտին, նախնական փուլում՝ բացառությամբ Լաչինի շրջանի, պիտի հանձնվեր Ադրբեջանին: 

Իսկ «Ընդհանուր պետություն» տարբերակով՝ փաստացի Ադրբեջանին էին հանձնվելու ոչ միայն անվտանգության գոտու 7 շրջանները, այլեւ` նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքը:

Այսինքն, իրականում Քոչարյանը ոչ թե Հայաստանում ինչ արել` արել է հանուն Ղարաբաղի` ենթադրյալ «հող հանձնողներից» Ղարաբաղը փրկելու համար, այլ ԼՂ հարցը պարզ մանրադրամ էր դարձրել` ներքաղաքական իր դիրքերը ամրացնելու եւ քաղաքական հակառակորդների դեմ սեւ փիառ անելով` նրանց չեզոքացնելու համար:

Եւ այս ֆոնին՝ նրա բանակցած փաստաթղթերի վերաբերյալ քննարկումներում նորից նոր երանգ է հայտնվել. այն է` Մեղրիի տարբերակը: Ըստ որի, Քոչարյանը իրականում համաձայնություն էր տվել ոչ թե 3, այլ 4 փաստաթղթի, եւ որ Քի-Ուեսթից առաջ` քննարկվել է նաեւ Մեղրիի տարբերակ, որի մասին շատ ակտիվ խոսվում էր հատկապես Հոկտեմբերի 27-ի ահաբեկությունից հետո: Բազմաթիվ հիշատակումներ կան մինչեւ ահաբեկությունը տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին, որտեղ, ըստ այդ հիշատակումների, քննարկվել է այդ տարբերակը, եւ որին կտրուկ դեմ են արտահայատվել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: 

Քոչարյանական «քարոզչամեքենան» այսօր հատկապես նյարդայնացել է հենց այդ տարբերակի վերաբերյալ քննարկումների ակտիվացումից:

Հիշեցնենք, քննարկումն սկիզբ առավ Պաշտպանության նախկին փոխնարարար Վահան Շիրխանյանի` Քոչարյանին ուղղված հայտնի բաց նամակից հետո, իսկ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն հաստատեց, որ նման տարբերակ եղել է, անգամ հայտարարեց, որ հնարավոր է` նաեւ փաստաթուղթ հրապարակի:

Հիշեցնենք, որ Քոչարյանի ընդդիմախոսները Մեղրիի տարբերակ ասելով` նկատի ունեն մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը քննարկված տարբերակը: Ընդ որում, քննարկումները տետ-ա-տետ վարել է անձամբ Քոչարյանը` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւի հետ:

Ըստ այդմ` Հայաստանն Արբեջանին էր հանձնում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ անվտանգության գոտու 6 շրջանները, իսկ Լաչինի շրջանը մնում էր հայկական կողմին, որի դիմաց Ադրբեջանին էր հանձնվում Մեղրիի շրջանը:

Այդ տարբերակի մասին, ի դեպ, գրել է նաեւ ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերը «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ.» աշխատությունում:

Նա պնդում էր, որ Քոչարյանն ու Ալիեւը ոչ միայն համանախագահող երկրներից գաղտնի հանդիպումներ էին ունեցել եւ բանավոր պայմանավորվածության հասել, այլեւ այդ պայմանավորվածությունների մասին չէին տեղեկացրել անգամ իրենց երկրների ԱԳ նախարարներին: Ըստ նրա, Քոչարյանն ու Ալիեւը մինչեւ 99-ի հոկտեմբերի 27-ը 4 հանդիպում էին ունեցել, որոնցից միայն վերջինն էր հրապարակային. Նախիջեւանի հետ սահմանին` Սադարակում, որն ավարտվել էր համատեղ «ասուլիսով»:

Իսկ ահա 2001-ին քննարկված ՔիՈւեսթյան տարբերակը, ընդդիմախոսների պնդմամբ՝ ըստ էության այլ փաստաթուղթ էր, փաստացի՝ նախորդի ձեւափոխված տարբերակը, որի համաձայն՝ անվտանգության գոտու 6 շրջանները վերադարձնելուց հետո պիտի տեղի ունենար Լաչինի ու Մեղրիի ոչ թե ամբողջական փոխանակում, այլ` միջանցնքների տրամադրում:

Քոչարյանական քարոզչությունը, սակայն, ամեն կերպ փորձում է հերքել Մեղրիի տարբերակի գոյությունը, հայտարարելով, թե եղել է ոչ թե երկու, այլ մեկ փաստաթուղթ` կոմունիկացիաների տրամադրմամբ Քի-Ուեսթյան տարբերակը` առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչպիսի կոմունիկացիների մասին էր խոսքը, ու որեւէ կերպ չնշելով նաեւ, որ այդ տարբերակով 6 շրջանները հանձնվում էին Ադրբեջանին, այսինքն, իրենց իսկ բառերով ասած` «հողերը տալիս էին»:

Ու իրավիճակի երկվությունն այն է, որ տարածքային առումով ամենաշատ զիջումների պատրաստ եղած մարդը զբաղված է եղել եւ այսօր էլ զբաղված է ուրիշներին «հող տալու» մեղադրանքներ հնչեցնելով: Ընդ որում, զավեշտն այն է, որ նա իր այդ քարոզչությունը տարիներով կիրառել է ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ այսօր էլ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, այլեւ` անգամ իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանի դեմ։

Եu դա այն դեպքում, երբ Սարգսյանը բանակցությունները սկսել է հենց նույն Քոչարյանի կողմից 2007-ին համաձայնեցված Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ոչ միայն սկսել ու շարունակել է բանակցություններն այդ սկզբունքների շրջանակում, այլեւ դեռ մինչեւ նախագահ դառնալը թե՛ ինքը, թե՛ քոչարյանական իշխանության այլ ներկայացուցիչներ հավաստիացնում էին, որ Սարգսյանի նախագահ դառնալով՝ բանակցային ֆորմատի շարունակականությունը չի խախտվելու: Այնպես որ, առնվազն զարմանալի է, երբ քոչարյանական քարոզիչները Սարգսյանին մեղադրում են մի բանում, որը նրան պատրաստի վիճակում` հստակ պայմանով փոխանցել է Քոչարյանը:

Բայց որքան էլ այսօր, սովորության համաձայն, քոչարյանական քարոզչությունը փորձի խաղալ նույն լարերի վրա, 21-րդ դարում այդ հնացած տեխնոլոգիան չի աշխատում: Նախ, Հայաստանում այլեւս քոչարյանական ժամանակները չեն, եւ հեռուստաընկերությունները՝ հատկապես Հանրայինը, առավոտից երեկո այլեւս կեղծ տեղեկատվություն չի տարածում` հողեր տալու համար այլոց մեղադրելով: Դրանից բացի, տեղեկատվական հարթակներն այնքան են զարգացել եւ բազմացել, որ այսօր հնարավոր է իրականությունը հասցնել հանրությանը: Եւ ամենակարեւորը` հայաստանյան մամուլի արխիվները պահպանված են, եւ որքան էլ այսօր շատերը այլ բաներ հայտարարեն անցյալի իրադարձությունների վերաբերյալ, շատ ավելի հեշտ է գտնել հենց արխիվներում պահպանված իրենց` այն ժամանակ արված, բայց հայտնի պատճառներով նախկինում լայն տարածում չգտած հայտարարությունները: 

Հողերը «չտվողները» 

2000 թ. ապրիլին «Առավոտ» օրաթերթում այսպիսի տեղեկություն է հրապարակվում. «Ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը բացահայտել է. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը՝ Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ», եւ հավելել է՝ «ինչ-որ տրամաբանություն կա» եւ «պետք է դրվի լուրջ քննարկման»:

 

2000 թ. ապրիլի 28-ին «Առավոտ»-ում մեկ այլ տեղեկություն է հրապարակվում նույն Օսկանյանի վերաբերյալ` այս անգամ արդեն նրա հրապարակային խոսքից: «Վարդան Օսկանյանը օրերս հայտարարել էր, թե Հայաստանը մերժում է ԼՂ-ն Ադրբեջանի վարչական տիրապետության տակ թողնելու գաղափարը։ Միաժամանակ, պարոն Օսկանյանը, թերեւս, «կոմպլեմենտարության» սկզբունքներից ելնելով, չի բացառել հետեւյալը` «Ղարաբաղը զուտ անվանապես Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը»։ 

 

2000 թ. մայիսի 31-ին «Առավոտ»-ի հետ զրույցում Օսկանյանի խոսնակ Արա Պապյանը փաստացի հաստատում է միջանցքների փոխանակության հարցը: ««Քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ ոչ թե ցանկությունների». հիշեցրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Արա Պապյանն իր ասուլիսի ժամանակ։ (Այո, այո, խոսքը նույն Արա Պապյանի մասին է, որը հետագայում նշանակվեց Կանադայում ՀՀ դեսպան, ապա իր եւ իր որդիների համար Կանադայի քաղաքացիություն ձեռք բերեց, իսկ այսօր Հայաստանում դեմ է հանդես գալիս փոխզիջումային կարգավորմանը, կոչ է անում հարձակվել Նախիջեւանի վրա, հենց նա է, ով իր` նաեւ Կանադայի քաղաքացի լինելու պատճառով չկարողացավ «Սասնա Ծռերի» նախընտրական ցուցակով առաջադրվել պատգամավորի թեկնածու, եւ ամենազավեշտալին, նույն Պապյանն է, որն այս տարվա մարտին հայտարարել է. «Մեղրիի տարբերակը, որն այսօր մեծ աղմուկ է հանել, ինչի՞ համար էր արվում, սա նույն համաթուրքական ծրագրի համար էր արվում։ Այսինքն՝ այստեղ Ադրբեջանը լուծում է ամբողջ Հայաստանի հարցը, չկա Արցախի հարց, կա Հայաստանի գոյության հարց».-iLur.am): Տարածքների հնարավոր փոխանակման մասին հարցին պատասխանելով, ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ իրենք բազմիցս նշել են, որ այդպիսի բան չկա, որ մերժվել է այդ առաջարկը։ Ի դեպ, պրն Պապյանն ուզեց տարածքների փոխանակման մասին առաջարկի ծանրությունն ամերիկացիների ուսերից թեթեւացնել եւ ասաց, թե նման առաջարկ եղել է ոչ միայն ամերիկացիների կողմից։ «Ուրիշ ո՞ւմ կողմից է նման առաջարկ արվել»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հրաչ Մելքումյանի այս հարցին պրն Պապյանը վարանեց պատասխանել, պարզապես ասաց. «Կան եռանախագահողներ»։ Լավ, տարածքների փոխանակման հարցն, ընդունենք, իրոք մերժվել է, բայց չէ՞ որ շրջանառության մեջ է նաեւ միջանցքների խնդիրը։ Արա Պապյանը հակված չէ միջանցքների հարցը կապել Ղարաբաղի հարցի լուծման հետ։ Նրա ասելով, միջանցքների հարցը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը։ Ճանապարհները կշարունակեն մնալ Հայաստանի ճանապարհները, բայց շահագործելու իրավունք կունենան նաեւ հարեւանները, մենք էլ կօգտվենք ասենք՝ Նախիջեւանի կայարանից։ «Մենք չպիտի սպասենք Ղարաբաղի հարցի լուծմանը եւ հետո միայն սկսենք զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք երբեք Ղարաբաղի կարգավիճակը համարժեք չենք համարում ճանապարհների բաց եւ փակ լինելուն»:

 

2000 թ., հունիսի 2-ին «Առավոտ»-ի հետ զրույցում նույն Արա Պապյանը փաստացի հաստատում է նաեւ Օսկանյանի` Գլենդելում Մեղրիի տարբերակի վերաբերյալ արված հայտարարությունը. «Շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթ էր, որը մեկնաբանությունների կարիք չունի»,- «Առավոտին» ասաց ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանի ելույթի առնչությամբ։ Նա նաեւ հիշեցրեց, որ տարածքների փոխանակման առաջարկի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է բազմիցս։ Սակայն միայն Գլենդելում էր ԱԳ նախարարը բացահայտել այդ առաջարկի էությունը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Այս ամենն արձանագրած «Կալիֆոռնիա կուրիերը» մեջբերել էր նաեւ պրն Օսկանյանի հետեւյալ արտահայտությունները, թե այս առաջարկությունը մտածելու տեղիք տալիս է, «ինչ-որ տրամաբանություն կա» եւ «պետք է դրվի լուրջ քննարկման»:

Օսկանյան. 6 տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին 


2001 թվականին` Քի-Ուեսթյան հանդիպումից հետո ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց է տալիս «Ա1+» հեռուստաընկերությանը, որտեղ բառացիորեն խոստովանում է, որ տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին: Օսկանյանը նաեւ բավականին ուշագրավ հայտարարություն է անում Ղարաբաղի յուրահատուկ կարգավիճակի` Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «հորիզոնական հարաբերակցության» մասին:

Օսկանյանը նշում է. «Հորիզոնական կապ, կամ, մենք նաեւ ասում ենք, ոչ ենթակայություն Ադրբեջանին, ոչ ուղղահայաց: Դա արդեն մի քիչ ավելին է, քան թե հորիզոնականը: Այստեղ մենք երկու ձեւակերպում ենք տալիս՝ մեր հնարավորությունները չսահմանափակելու համար: Ես չեմ բացառում, որ բանակցությունների արդյունքում լինի ինչ-որ մի բան, որը մեզ համար հորիզոնականից ավելին լինի: Դրա համար այստեղ շատ հստակ է դիրքորոշումը՝ հորիզոնական, կամ ոչ ենթակայություն Ադրբեջանին, ոչ ուղղահայաց հարաբերություն»:

Այս հարցազրույցի կարճ տեսահատվածը տարիներ շարունակ շրջել է համացանցում: Իսկ ահա ամբողջական տարբերակն առաջարկում ենք կարդալ ստորեւ. 

2001 թ. մայիսի 12. Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Ա1+» հեռուստաընկերությանը 

 – Ավստրիական «Կուրիեր» թերթին տրված հարցազրույցում դուք վստահություն հայտնեցիք, որ խաղաղության կհասնեք մինչեւ այս տարվա վերջ: Ի՞նչ իմաստ եք դուք ներդնում «Խաղաղության հասնել» բանաձեւի մեջ, եւ ինչի՞ վրա է հիմնված ձեր լավատեսությունը:

 – Խաղաղության հասնել՝ նշանակում է, որ մենք կարողանանք մի փաստաթուղթ ստորագրել, որը ընդունելի կլինի եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար, մի փաստաթուղթ, որը բխում է գոնե մեր տեսանկյունից՝ Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից, հայ ժողովրդի շահերից. մենք հիմնականում դրան ենք հետամուտ: Իսկ լավատեսությունը գալիս է նրանից, որ Քի Ուեսթում, երբ համանախագահողները ամփոփեցին այդ հանդիպումը, ասացին, որ արդեն ունեն բավարար հիմք, որպեսզի կարողանան արդեն թղթի վրա դնել մի առաջարկություն եւ ներկայացնել կողմերին: Ես կարծում եմ, որ այն փաստը, որ այսօր մենք հասել ենք մի այնպիսի իրավիճակի նախագահների երկարատեւ հանդիպումներից հետո, բայց հատկապես երկու՝ փարիզյան եւ Քի Ուեսթի մի շաբաթվա հանդիպումից հետո, նման եզրակացությունը, ես կարծում եմ, որ իսկապես մեծ հույս է ներշնչում:

– Նույն հարցազրույցում դուք ասացիք. «Մենք չենք զբաղվում ինքնիշխան տարածքների առեւտրով, այլ խոսում ենք Հայաստանի՝ Ղարաբաղի հետ եւ Ադրբեջանի՝ Նախիջեւանի հետ անարգել կապ ունենալու մասին»: Խնդրում եմ բացատրել առաջինի (առեւտրի) եւ երկրորդի (անարգել կապի) միջեւ տարբերությունը:

 – Գիտեք, առաջինը նշանակում է, որ մենք տարածքներ ենք տալիս, որովհետեւ մի ժամանակ Մեղրիի փոխանակման խնդիրը շատ էր քննարկվում եւ, ես կասեի, նաեւ շահարկվում, որովհետեւ այն պահից, երբ այդ հարցը բարձրացվեց, մենք միանգամից ժխտեցինք նման բանի ոչ թե գոյությունը, բայց դրա նկատմամբ որեւէ դրական դրսեւորում: Մենք ասացինք, որ նման առաջարկություն ինչ-որ մի պահի, մի փուլում եղել եւ մերժվել է: Պարզապես, որ այդ շահարկումը նորից չլինի, ես ուզեցի ասել, որ այստեղ, այս հարցի լուծման մեջ, այն, որ այսօր քննարկվում է, չի ենթադրում որեւէ տարածքների փոխանակում: Դա է, որ ես նկատի ունեի՝ ասելով՝ ինքնիշխան տարածքների փոխանակում: Իսկ ինչ վերաբերում է կապին, իհարկե վերջիվերջո, մեզ համար առաջնային խնդիր է Ղարաբաղի հետ անխափան կապ ունենալը եւ նաեւ մեզ համար կարեւոր է, որ այդ կապի կարգավիճակը լինի նույնը, ինչ որ Ղարաբաղի կարգավիճակն է լինելու: Այսինքն՝ մեր պարագայում ոչ թե միայն անխափան, այլեւ այնպիսի երաշխիքներ, որ ապահովվի այդ կապի հավերժությունը: Իսկ ամենակարեւոր եւ հիմնարար երաշխիքը կարող է լինել այն, երբ մենք կարողանանք ձեռք ձգել այդ միջանցքի համար մի այնպիսի կարգավիճակ, որը կլինի նույնը, ինչ որ Լեռնային Ղարաբաղինը:

– Այսինքն՝ Լաչինի եւ այն միջանցքի, որը ադրբեջանցիներն են ուզում: Դրանք, եթե մի հարթության վրա են դրվում, որքան հասկանում եմ, ապա տրամաբանական է ենթադրել, որ ճանապարհների անվտանգությունը վերահսկվելու է համանման կամ միանման միջոցներով:

– Այստեղ պետք չէ անպայման սիմետրիա ենթադրել երկու, այսպես ասած, կապերի միջեւ: Կարող է դա տարբեր լինել: Այս պահին ես ի վիճակի չեմ մանրամասների մեջ մտնել, ասել, թե դրանք ինչքանով են նույնը, ինչքանով են տարբերվում: Պարզապես ես կարող եմ ասել, որ ինքնաբերաբար պետք չէ ենթադրել, որ այդ կապերը պետք է լինեն նույնը: Ես կարծում եմ, որ այստեղ պայմաններն են տարբեր. Ղարաբաղը դա անկլավ է, իսկ Նախիջեւանը դա ոչ թե անկլավ է, այլ էքսկլավ է: Դա նշանակում է, որ Նախիջեւանը սահման ունի երկու այլ երկրների հետ, հատկապես Թուրքիայի եւ նաեւ Իրանի հետ: Իսկ Ղարաբաղը ամբողջությամբ շրջապատված է, եւ, անվտանգության անխափանության առումով, երաշխիքների առումով այստեղ ուղղակի սիմետրիա հնարավոր չէ: Երկրորդը այն է, որ եթե մեզ տրվում է անխափան կապ տարածքի միջով կապ դեպի Ղարաբաղ, թերեւս Ադրբեջանը որեւէ ձեւով չի ընդհատում իր տարածքների շարունակականության իմաստով, այսինքն Լաչինի միջանցքի մի կողմից մյուս կողմը գնալու համար, թեեւ ինչքան հեռու է, բայց համենայն դեպս նրանք հնարավորություն ունեն այդպես շրջապտույտ կատարելու՝ գնալ իրենց տարածքի մյուս մասը: Մեր պարագայում, եթե մենք ինչ-որ միջանցք ենք տալիս Հայաստանի տարածքով, դա նշանակում է, մենք կիսով անջատում ենք իրարից մեր երկիրը: Այսինքն աշխարհաքաղաքական հանգամանքները այստեղ պետք է հաշվի առնել՝ այդ միջանցքների սիմետրիկությունը ճշտելու համար: Մեր հիմնական փաստարկներն այս բաների վրա են հիմնված եւ դրա համար ես ասում եմ, որ պետք չէ ինքնաբերաբար ենթադրել, որ երկու միջանցքները պետք է լինեն սիմետրիկ:

– Դուք կարող եք ասել, եթե դա գաղտնիք չէ, ովքեր են վերահսկելու Ադրբեջան – Նախիջեւան կապի անվտանգությունը՝ խաղաղարար ուժեր, խաղաղապահ ուժեր, միջազգային դիտորդներ, թե միմիայն Հայաստանի իրավապահ մարմինները:

– Մի կողմը կարող է ինչ-որ մի այլ ցանկություն դնել, մյուս կողմը՝ այլ:

– Վերջը ի՞նչ է լինելու:

 – Դժվար է ասել: Իհարկե, մեզ համար նախընտրելի է, որ դա Հայաստանի տարածք է՝ Նախիջեւանի հետ կապի պարագային, դա Հայաստանի հսկողության տակ պետք է լինի: Ադրբեջանը միգուցե այլ բան է ուզում: Այստեղ, իհարկե, բանակցությունների ինչ-որ խնդիր է: Եվ այս պահին ես իրոք չեմ կարող մանրամասների մեջ մտնել: Բայց պետք է հաստատել, որ ցանկացած կողմ իր մաքսիմում պահանջը կարող է դնել, եւ բանակցությունների ամբողջ նպատակն այն է, որ մենք կարողանանք ինչ-որ մի կոմպրոմիսային տարբերակ գտնել ոչ միայն միջանցքների առումով, այլ բազմաթիվ այլ խնդիրների՝ կարգավիճակի, փախստականների վերադարձի, անվտանգության եւ մյուս էլեմենտները, որ այսօր պարունակվում են այս ընդհանուր փաթեթի մեջ:

– Հեռուստադիտող. Արդյոք ծանո՞թ եք 1992 թվականի հուլիսի 5-ի Գերագույն խորհրդի ընդունած իրավական ակտին, որը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում: Արդյոք մեր դիրքորոշումը համապատասխանո՞ւմ է այդ ակտի դրույթներին:

– Իհարկե, մենք ծանոթ ենք դրան, եւ այն, ինչ որ այսօր մենք անում ենք, բացարձակապես չի հակասում այդ դրույթին: Իրոք, Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: Դրա համար էլ մենք մերժել ենք նախկին փաթեթը՝ 97 թվականին ներկայացրած, մերժվել է նաեւ Փուլային փաթեթը: Մենք նախնական, սկզբունքային ինչ-որ համաձայնություն ենք տվել «Ընդհանուր պետությանը»՝ այն պատճառով, որ այն չի հակասում հենց այս դրույթին: Այսինքն «Ընդհանուր պետության» փաստաթղթի մեջ չկա որեւէ մի կետ, որտեղ հստակ ասվում է, որ Ղարաբաղը մաս է կազմում Ադրբեջանի: Համենայն դեպս, նույնիսկ այդ փաստաթուղթը թերեւս այդ ժամանակ որպես բանակցությունների հիմք էր ընդունվել՝ դա կարող էր բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել: Պատասխանելով հեռուստադիտողի հարցին՝ այո՛, մենք տեղյակ ենք եւ այն, ինչ որ մենք փորձում ենք անել, որեւէ ձեւով չի հակասելու դրան:

 – Հեռուստադիտող. Ո՞րն է Հայաստանի շահը՝ ստորագրել պարտադրված համաձայնագի՞ր, թե՞ ժամանակ ձգել:

 – Եթե պարտադրված լուծում է, որը մեր շահերից չի բխում, իհարկե, գնալ ձգձգման: Բայց այս պարագային իրավիճակը այլ է: Մենք կարողանում ենք իսկապես լեզու գտնել ինչ-որ չափով եւ համանախագահողների եւ Ադրբեջանի հետ, գոնե առայսօր ընթացքը դա է ցույց տալիս, չգիտեմ, ինչպիսի շարունակություն կունենա: Եվ եթե իրոք Ժնեւում եւ դրանից հետո ամեն ինչ բարվոք գնա, եւ մենք հասնենք խաղաղության եւ ստորագրենք մի պայմանագիր, ես կարող եմ վստահությամբ ասել, որ այդ համաձայնագիրը պետք է լինի արդեն մեր կամքի արտահայտությունը եւ ոչ թե ինչ-որ մեկի կողմից Հայաստանին պարտադրվածը: Այդ պարագայում, ես կարծում եմ, որ ձգձգելը մեր շահերից չի բխում: Բայց կարող է ընթացքում իրավիճակը փոխվի, ինչ-որ դրույթներ փոխվեն, Ադրբեջանը իր դիրքորոշումը փոխի, ինչ-որ բան սկսվի մեզ պարտադրվել, այդ ժամանակ ես կհամաձայնեմ հարց տվողի հետ եւ կասեմ, որ իրոք արդեն պետք է փոխել տակտիկան եւ ստրատեգիան եւ գնալ երեւի թե ձգձգման:

– Ապրիլի 21-ին անգլիական «The economist» ամսագիրը ներկայացրեց ապագա կարգավորման ծրագիրը, որի մասին, ըստ ամսագրի, պայմանավորվածություն է ձեռք բերվել Քի Ուեսթում: Խնդրում եմ, մեկ առ մեկ հերքեք կամ հաստատեք հրապարակված ծրագրի երեք կետերը. ա/ հայերը վերադարձնում են ադրբեջանցիներին 7 շրջաններից վեցը: Այդպիսի բան կա՞, թե՞ չկա:

 – Գիտեք, եթե Ղարաբաղի կարգավիճակի լուծումը լինի այնպիսին, ինչպես որ մենք ձգտում ենք դրան, այո՛, այդպիսի բան կա: Այո, այդ վեց տարածքները, բացի Լաչինի շրջանից, պայմանագիրը՝ խաղաղության այդ փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու է Ադրբեջանին: Ես նորից եմ կրկնում, հստակորեն որակավորում եմ՝ երբ որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լինի այնպիսին, ինչպես որ մենք ցանկանում ենք:

 – Լաչինի շրջանը Ղարաբաղի հետ միասին ստանում է ինքնակառավարման կարգավիճակ: Ճի՞շտ է, թե՞ չէ:

 – Քանի որ դա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան: Միայն ես կարող եմ ասել, ինչ որ քիչ առաջ էլ ասացի. Լաչինը եւ Ղարաբաղը կունենան նույն կարգավիճակը: Իսկ թե Ղարաբաղը ինչ կարգավիճակ կունենա, ահավասիկ այստեղ գալիս է դիվանագիտության գաղտնիության փաստը, եւ ես այդ հարցին չէի պատասխանի: Բայց այն կարգավիճակը, որին մենք ձգտում ենք, նորից եմ ասում, չի հակասում մեր Ազգային ժողովի կամ այն ժամանակվա խորհրդարանի որոշմանը:

– Եվ երրորդ կետը. որպես փոխհատուցում Ադրբեջանը ստանում է միջազգայնորեն վերահսկվող ճանապարհ դեպի Նախիջեւան:

– Մենք խոսեցինք դրա մասին: Իրոք, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, եւ եթե այդ փաթեթը վերջիվերջո ընդունելի է դառնում բոլոր կողմերի համար, մենք ասացինք, որ, այո, խոսքը գնում է նաեւ ադրբեջանցիներին ինչ-որ կապ տալու Նախիջեւանի հետ: Սա մենք չենք ժխտում, սա սեղանի վրա է, բայց այս պահին դեռ վաղ է ասել, թե դա ինչպիսի ձեւ եւ բովանդակություն կստանա:

– Պարզաբանեք, խնդրեմ, ինչ է նշանակում՝ հորիզոնական կապեր Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որոնց կարծես թե ձգտում է մեր դիվանագիտությունը: Դա նշանակո՞ւմ է՝ կապեր երկու անկախ պետությունների միջեւ:

– Գիտեք, ես չեմ ուզում այդպիսի ձեւակերպում տալ: Ես կարող եմ ասել՝ երկու միավորների միջեւ պայմանագրային հիմունքներով ստեղծված հարաբերություններ: Այսինքն՝ սեղանի վրա դրվում է մի պայմանագիր, որը որեւէ ձեւով չի որակավորում եւ ուղղակի այնտեղ իր դրույթներով հստակեցնում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Սա, մեր հասկացողությամբ, հորիզոնական կապն է, եւ մենք ձգտում ենք իսկապես այդպիսի կարգավիճակի: Հորիզոնական կապ, կամ, մենք նաեւ ասում ենք, ոչ ենթակայություն Ադրբեջանին, ոչ ուղղահայաց: Դա արդեն մի քիչ ավելին է, քան թե հորիզոնականը: Այստեղ մենք երկու ձեւակերպում ենք տալիս՝ մեր հնարավորությունները չսահմանափակելու համար: Ես չեմ բացառում, որ բանակցությունների արդյունքում լինի ինչ-որ մի բան, որը մեզ համար հորիզոնականից ավելին լինի: Դրա համար այստեղ շատ հստակ է դիրքորոշումը՝ հորիզոնական, կամ ոչ ենթակայություն Ադրբեջանին, ոչ ուղղահայաց հարաբերություն:

– Այդպիսի նախադեպ կա՞ միջազգային պրակտիկայում: Այսինքն, կա ինքնավարություն, կա ասոցիացված անդամ, կա ունիտար պետություն: Հորիզոնական կապերի նախադեպ կա՞:

– Ասոցիացված անդամի կարգավիճակը նույնպես չկար մի 25 տարի առաջ: Դա երբ որ ստեղծվեց առաջին անգամ, դա եղավ նախադեպ: Միգուցե ավտոնոմիան, ինքնորոշումը, անկախությունը, դրանք ավելի հին կոնցեպցիաներ են, բայց եթե մենք գնանք միջնադար, անկախությունը, պետականությունը նույնպես ինչ-որ մի նախադեպ է եղել: Այնպես որ ամեն ինչն իր նախադեպն ունի: Եկեք չսահմանափակվենք մեր եղած հնարավորություններով: Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք իսկապես ունենալ այդ երեւակայությունը, եւ մենք սրա մասին արդեն երեք տարի է խոսում ենք: Եվ հասանք նրան, որ վերջիվերջո համանախագահները դրեցին սեղանի վրա մի բան, որ որոշ երեւակայություն ենթադրում է, դա կարծում ենք, որ առաջընթաց է: Այնպես որ, որեւէ բան պետք չէ բացառել: Այո, հնարավոր է ունենալ մի այնպիսի տարբերակ, որը կբավարարի մեր պահանջներին եւ չի ունենա նախադեպ: Դա պետք չէ բացառել:

– Ի դեպ, համանախագահների մասին: Քերի Քավանոն վերջերս ասաց, որ Ղարաբաղը կստանա փաստացի անկախություն՝ ձեւականորեն մնալով Ադրբեջանի կազմում:

– Ես կարդացի դա, բայց իմանալով պրոցեսը, իմանալով Քերի Քավանոյին, ես շատ եմ կասկածում, որ ինքը նման բան է ասել: Նախ ակնհայտ է, որ այնտեղ ինչ-որ մի հակասություն կա. անկախ պետություն այլ պետության կազմում՝ դա օքսիմորա է (oxymoron` հակասական հասկացությունների բախում՝ մեկ բառակապակցության կամ նախադասության մեջ- Ա.Ա): Ես կարծում եմ, որ կամ Քավանոյի լեզվի ինչ-որ սայթաքում է եղել կամ թղթակիցը, որը հարցրել է, սխալ է հասկացել: Կամ ինչ-որ թյուրիմացություն է: Սա օքսիմորա է՝ չի կարող անկախություն լինել մի այլ պետության մեջ, եւ ես ուղղակի կասկածում եմ, որ Քերի Քավանոն նման բան ասած լիներ:

– Հեռուստադիտող. Ի՞նչ նկատի ունեք «մեր տեսակետ» ասելով:

– Դա այն տեսակետն է, որը, մենք կարծում ենք, բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: Եվ ես վստահեցնում եմ հարց տվողին, որ այդ տեսակետը ինքը անպայման կկիսի: Այնտեղ չկա որեւէ մի տարր, որը կարող է հակասել մեր ազգային շահերին:

– Հեռուստադիտող. Չե՞ք կարծում, որ ղարաբաղյան կոնֆլիկտը հայ դիվանագիտության բաց տեղն է:

– Նախ հեուստադիտողը պետք է ասի, թե ինչ է նշանակում «բաց տեղն է»: Եթե մենք թերացել ենք այդ հարցում, որ առայսօր չենք կարողացել լուծել, ես կարծում եմ, որ դա արդար չէ մեր բոլորի համար: Դա իսկապես շատ բարդ խնդիր է՝ նայենք, աշխարհի այլ մասերում կոնֆլիկտները ինչպիսի երկարատեւ պատմություն ունեն: Համենայն դեպս, մեզ համար դա ցավոտ խնդիր է, մեզ համար պրոբլեմատիկ խնդիր է, բայց պետք է ասենք, որ դա նաեւ մեր դիվանագիտության այն խնդիրն է, որտեղ մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել: Եկեք չմոռանանք, որ մենք այս տասը տարվա ընթացքում գնացել ենք համաշխարհային քաղաքական հոսանքի դեմ: Սա եկեք ընդունենք: Իսկապես, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի, եւ մենք ճիշտ հասկանանք: Աշխարհը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, նրանք գտնում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս էր կազմում, երբ որ փլուզվեց Խորհրդային Միությունը: Այսօր տարածքային ամբողջականության սկզբունքը ամենահիմնարար եվրոպական ստրուկտուրաների եւ նոր ճարտարապետության հիմքում է դրված: Այդ հոսանքի դեմ ենք գնում մենք: Եվ այդ բոլորը հաշվի առնելով, այն, ինչ որ մենք այսօր ձեռք ենք բերել, փաստաթղթերի առումով, երբ որ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում չկա մեզ դատապարտող որեւէ բան Եվրոպայի խորհրդում, նույնիսկ՝ ՄԱԿ-ում: Սա իսկապես, ես կարծում եմ, որ մեր դիվանագիտության հաջողություններից մեկն է: Եկեք այս մի հարցը ճիշտ գնահատենք. եւ անցյալի մեր գործընկերները եւ այսօր կարծում ենք, որ մենք հաջողությամբ ենք այդ խնդիրը առաջ տանում, որովհետեւ իրոք մենք այստեղ գնում ենք համաշխարհային հոսանքի դեմ:

– Այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդականն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին շնորհել բարձր ինքնավարություն: Ոչինչ չի փոխվել Ադրբեջանի դիրքորոշման մեջ բանակցությունների ընթացքում:

 – Տարբեր բաներ են ասվում, վերջերս նաեւ պատերազմի կոչեր են եղել: Մենք իսկապես ուզում ենք չպատասխանել դրանց, որովհետեւ կա մի գործընթաց, որտեղ, մենք կարծում ենք, որ դրական տեղաշարժեր կան: Չենք ուզում որեւէ մեկնաբանություն տալ այս բոլորին, չեմ ուզում ես ասել՝ փոխվել է – չի փոխվել, չեմ ուզում կանխորոշել որեւէ բան: Այսօր մենք գիտենք այն, ինչ որ գործընթացում կա, ինչ հարցերի շուրջ ենք խոսում, նախագահները ինչ հարցերի շուրջ են պայմանավորվել: Այդ բոլորից ելնելով ես կարող եմ ասել, որ եթե այդ պրոցեսը ինչ-որ տեղ չփլուզվի, ինչ-որ տեղ փակուղի չմտնի, եւ այն խոստումները եւ այն նվիրվածությունը, որը առայսօր կա նախագահների կողմից շարունակվեն եւ հետադարձ քայլ չլինի, ես կարծում եմ, որ իսկապես մենք լուրջ հույսեր ունենք, որ այս տարվա ընթացքում կկարողանանք կարգավորել այդ խնդիրը:

– Հեռուստադիտող. Ի՞նչ է լինելու Զանգելանի կարգավիճակը: Ես Զանգելանի ներկայիս բնակիչներից մեկն եմ:

– Ես արդեն պատասխանեցի: Ինչքան էլ որ դա ցավոտ լինի՝ այնտեղ բնակիչներ կան, եթե մենք տանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն:

– Հեռուստադիտող. Թվում է, թե Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նվազել է: Դուք ինչ կասեք:

 – Չէի ասի: Ռուսաստանը իսկապես շատ ակտիվ է այս պրոցեսում: Եվ նույնիսկ որոշ չափով այս արագ գործընթացի պատճառներից մեկը կգտնեի նաեւ Պուտինի իշխանության գալը, նրա, ինչու չէ, Ադրբեջան այցով: Այստեղ պետք չէ փորձել ինչ-որ այլ մեկնաբանություններ տալ, որ եթե դա եղավ հիմնական խթանը, ապա թեքում կա դեպի պրոադրբեջանական դիրքորոշում՝ դա չէ: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես ավելի իրապաշտ է նայում խնդիրներին, եւ իր շահերի մեջ է տեսնում այս հարցի կարգավորումը, որպեսզի կարողանա եւ Կասպյան տարածաշրջանում եւ Կովկասում առհասարակ իր թափանցումը տնտեսական ոլորտում գոնե ավելի ամրապնդի: Այսօր հարցի կարգավորումը ուղղակի բխում է Ռուսաստանի շահերից: Բխում էր նաեւ 96-97-98 թվականներին, բայց Ելցինը ուղղակի ի վիճակի չէր այդ խնդիրը առաջ տանելու: Այսօր Պուտինի հովանավորության տակ իրոք Ռուսաստանը շատ ավելի ակտիվ է, շատ ավելի հետեւողական է, եւ դրա վառ ապացույցը եղավ իսկապես Քի Ուեսթում Տրուբնիկովի, առաջին տեղակալի, որը բավականին բարձր մակարդակով էր ներկայացնում Ռուսաստանը, ամենաակտիվ եւ կոնստրուկտիվ մասնակցությունը՝ գործընթացը առաջ մղելու առումով:

– Հեռուստադիտող. Եթե հաղթող կողմը մենք ենք, ապա ինչո՞ւ ենք զիջումների գնում:

– Իրոք մենք այսօր հաղթողի դիրքում ենք: Մենք պատերազմ ենք միգուցե հաղթել, բայց խաղաղությունը չենք կարողացել հաղթել: Եթե այս վիճակը մեր ժողովրդին ընդունելի է՝ մի կողմից Թուրքիայի սահմանն է փակ, մյուս կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ միջազգային հանրության ճնշումը եւ այլն եւ այլն, կարելի է սա հավերժ ձգձգել: Չգիտեմ: Չեմ կարծում, որ հավերժ հնարավոր է: Վերջիվերջո գալիս է մի տեղ, որ մենք պարտավորվում ենք ինչ-որ լուծման գնալ: Այնպես որ, մի քիչ այնպես չէ, որ մենք հաղթել ենք, եւ այդ հաղթանակը ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Մենք այսօր իրոք ստիպված ենք գնալ բանակցությունների, գտնել կոմպրոմիսային լուծում եւ հենց գնալ այսօր, երբ մենք հաղթական դիրքերում ենք, երբ մենք ավելի ուժեղ ենք եւ մեր տարածքներով եւ մեր պաշտպանության դիրքերով, գնալ, բանակցել եւ ստանալ այն մաքսիմում հնարավորը, որը հնարավոր է դիվանագիտական ճանապարհով:

– Հեռուստադիտող. Անընդհատ նշվում է, որ ծրագրվելիք համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու ժողովուրդների համար: Ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե համաձայնագիրը ընդունելի է ժողովուրդների համար, թե ոչ:

 – Ես կարծում եմ, Ժնեւում, եթե այս փաստաթուղթը մեզ ներկայացվեց եւ համարվեց, որ այնտեղ արդեն դրույթների մեծամասնության շուրջ կա համաձայնություն, մենք այդ փաստաթուղթը կբերենք Հայաստան եւ կդնենք բաց քննարկման: Ես ուղղակի համոզված եմ դրանում, որովհետեւ դա իրոք համազգային խնդիր է. եւ խորհրդարանը, եւ ժողովուրդը իր մասնակցությունը պետք է ունենան: Չգիտեմ պարզապես՝ Ժնեւում եթե փաստաթուղթը ներկայացվի, հույս ունենք, որ կներկայացվի: Վստահ չեմ, որ այդ փաստաթուղթը արդեն կլինի վերջնական, որովհետեւ այնտեղ կլինեն դրույթներ, որ կամ մենք կամ Ադրբեջանը կամ Ղարաբաղը դեմ կլինեն որոշ դրույթներին, եւ մենք դեռ կշարունակենք բանակցել այդ փաստաթղթի շուրջ: Բայց այն պահին, որ մենք համարում ենք, որ արդեն բանակցությունները ավարտել ենք եւ համաձայնության ենք եկել այդ փաստաթղթի շուրջ, դա անպայման պետք է դրվի ժողովրդական քննարկման: Ես կարծում եմ, որ դա նաեւ նախագահ Քոչարյանի տեսակետն է, որովհետեւ վերջիվերջո ժողովուրդն է, որ պետք է որոշի, թե ինչ լուծում պետք է ունենա այս խնդիրը:

 

Հ.Գ. Ղարաբաղյան հիմնախնդիրը շահարկելով` Հայաստանում իշխանության եկած անձինք այսօր էլ փաստացի նույն շահարկմամբ են զբաղվում` հույս ունենալով, թե մարդկանց հիշողությունը կարճ է: Նրանք հույս ունեն, թե կարելի է կատարված փաստերի եւ իրադարձությունների վերաբերյալ ամեն օր մի նոր մեկնաբանություն անել, եւ մարդիկ արդեն չեն էլ իմանա, թե ինչ է եղել ժամանակին` իրականում: Բայց վկայությունները բազմաթիվ են, դրանք կան, եւ հանրությունը դրանց պետք է ծանոթանա: Հանրությունը պիտի վերջապես տեսնի, որ ամենաշատը` «հող են տալիս» գոռացողն իրականում ամենաշատ հողեր տալու պատրաստակամություն հայտնած ղեկավարն է եղել, եւ որ իր կողմից են քննարկվել Ղարաբաղի համար ամենաաննպաստավոր փաստաթղթերը: Ընդ որում, վտանգավոր էր ոչ միայն այսօր քննարկվող Մեղրիի այս կամ այն տարբերակը, այլեւ` նույնքան վտանգավոր էր «Ընդհանուր պետություն» կոչված տարբերակը, որով Լեռնային Ղարաբաղի ԲՈԼՈՐ տարածքները` այդ թվում, Շուշիի, Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի, Ասկերանի շրջանները, փաստացի անցնելու էին Ադրբեջանին: Նույնիսկ, եթե դա պարոն Օսկանյանն անվանում էր` ոչ թե ուղղահայաց ենթակայություն, այլ` հորիզոնական կապ: 

Քրիստինե Խանումյան