15.04.2019 12:33

Նուրմագոմեդովը վերադառնում է․ հայտնի է առաջիկա մրցակիցը

Նուրմագոմեդովը վերադառնում է․ հայտնի է առաջիկա մրցակիցը

UFC-ի նախագահ Դեյնա Ուայտը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը կայանալու է սեպտեմբերին։

Ռուսաստանը ներկայացնող մարզիկի մրցակիցը լինելու է այս քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Դաստին Պորյեն։ Վերջինս ժամանակավոր չեմպիոնի կոչումը նվաճել է այսօր կայացած մենամարտում Մաքս Հոլոուեյի նկատմամբ տոնած հաղթանակի արդյունքում։

«Խաբիբը հիացա՞ծ է Պորյեի հետ մենամարտելու մտքից։ Չեմ կարող ասել․ ես Խաբիբին երբեք հիացած չեմ տեսել։ Հույս ունեմ, որ նրանց մենամարտը կկայանա սեպտեմբերին»,- ասել է Ուայտը TMZ Sports-ին տված հարցազրույցում։

Վերոնշյալ մենամարտից հետո Խաբիբ Նուրմագոմեդովը գրառում է կատարել Twitter-ի իր էջում․

«Համամիտ չեմ մրցավարների հետ, որոնք 49-46 նշանակեցին։ Ինձ համար այս մենամարտը պետք է ոչ-ոքի ավարտ ունենար։ Երկու մարզիկների նկատմամբ հարգանքս եմ արտահայտում։ Հնարավոր չէ հաշվի չառնել Պորյեի նվաճումները։ Կհանդիպենք սեպտեմբերին, Դաստին»,- գրել է Նուրմագոմեդովը։