15.04.2019 11:32

ԱՄՆ-ը Մադուրոյին կրկին կոչ է արել բացել սահմանները

ԱՄՆ-ը Մադուրոյին կրկին կոչ է արել բացել սահմանները

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կրկին կոչ է արել բացել սահմանները և երկրի տարածք թողնել մարդասիրական օգնությունը:

Համապատասխան հայտարարությունը Փոմփեոն արել է կիրակի օրը կոլումբիական Կուկուտա քաղաքում, որը գտնվում է Վենեսուելայի սահմանի մոտ: Պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Բոգոտան լավագույն ապագա են ցանկանում վենեսուելացիների համար, և ԱՄՆ-ը կշարունակի օգտագործել իր ունեցած քաղաքական և տնտեսական բոլոր հնարավորությունները՝ այդ երկրի բնակիչներին օգնելու համար:

«Պարոն Մադուրո, բացեք այդ սահմանային կամուրջները, բացեք այդ սահմանները: Դուք դրան կարող եք վերջ դնել այսօր: Հուսով եմ, որ դուք անտարբեր չեք, երբ տեսնում եք այդ սարսափը, մարդկանց այդ ողբերգությունը, որոնք ստիպված են փոխել իրենց կյանքը և հեռանալ իրենց երկրից»,- ասել է Փոմփեոն:

Ավելի վաղ Լատինական Ամերիկայի երկրներում իր շրջայցի ընթացքում Փոմփեոն նաև բանակցություններ է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստու Արաուժուի հետ, որոնց ընթացքում կողմերը Կուբային, Ռուսաստանին և Չինաստանին կոչ են արել դադարեցնել աջակցությունը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Փոխանցում է euronews-ը: