15.04.2019 11:46

Արսեն Գրիգորյան. Խաղաղության մասին կարող են լռել միայն անմահները կամ հիմարները

Արսեն Գրիգորյան. Խաղաղության մասին կարող են լռել միայն անմահները կամ հիմարները

ԲՀԿ խմբակցության քարտուղարը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե խաղաղության պետք է նախապատրաստել ոչ թե հայերին, այլ՝ ադրբեջանցիներին, որովհետեւ հայերը պատրաստ են խաղաղության:

Եթե ասեր՝ Ադրբեջանի ղեկավարությանը, գուցե հասկանալի լիներ:

Ասենք թե ճիշտ է պարոն Արման Աբովյանը, եւ հայերը խաղաղության պատրաստ են: Բայց ինքը ի՞նչ է առաջարկում՝ մենք չխոսե՞նք խաղաղության մասին: Փաշինյանը պետք է բերանը ջուր առնի ԵԽԽՎ-ում ու լռի՞ խաղաղության անհրաժեշտության մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է Արցախը «բրդելու» բանակցային գործընթաց:

Պարզ է, որ ԲՀԿ-ն ուզում է, որ մենք առաջինը չխոսենք խաղաղության մասին, հատկապես որ «Ադրբեջանը մի պետություն է, որն ստեղծվել է հայերի եւ բնիկ այլ ազգերի արյան վրա»: Հասկացանք, բայց սա ի՞նչ կապ ունի խնդրի կարգավորման հետ: Մինսկի խումբը նման փաստարկներո՞վ է խոսում Ադրբեջանի հետ, որի իշխանությունն, ի դեպ, լեգիտիմ չէ, եւ միջազգային հանրությունը դա գիտի: Գիտի, բայց շանտաժի լեզվով չի խոսում: Չի ասում, թե համաձայնիր Հայաստանի եւ Արցախի պայմաններին, որովհետեւ քո տարածքն ստեղծվել է «հայերի եւ բնիկ այլ ազգերի արյան վրա»: Որովհետեւ խաղաղության մասին խոսել պետք է միշտ: Չխոսելը նրա խնդիրն է, ով չի խոսում:

Խաղաղության մասին կարող են լռել միայն անմահները կամ հիմարները: Առաջինները չեն մեռնում, երկրորդները նույնիսկ տեղյակ էլ չեն, որ կմեռնեն: Խաղաղության խոսքը հենց քո ազգին է պետք, որպեսզի յուրաքանչյուրը չմոռանա ունենալ ծրագրեր: Պատերազմի խոսքը կանգնեցնում է ցանկացած ծրագիր: Ադրբեջանցին նույնպես պատրաստ է խաղաղության: Այնտեղ էլ լավ կյանքի ծրագրեր ունեցողներ կան:

Ո՞վ չգիտի, որ պատերազմը կերակրում է ստահակին: Գնացեք սահմանամերձ գյուղեր, ձեր ձայնը պետք է այնտեղից հնչի: Ձեր ձայնի մեջ պետք է զգացվի սահմանին կանգնած շարքային զինծառայողի մոր աղոթքը: Որովհետեւ էդ աղոթքը (մեղա Աստծու) նաեւ ձեզ է ուղղված: Մի սարսափեցրեք մարդկանց: Ադրբեջանցին շատ լավ գիտի, թե ինչ է խաղաղությունը: Այնտեղ էլ ստահակների պակաս չկա: Եվ ես չեմ կասկածում, որ ադրբեջանցին կոգեւորվի խաղաղության մեր ծրագրերով: Որովհետեւ մեռնելու միտք չունեցողին դա հասկանալի է: Դա հասկանալի չէ միայն նրան, ով պատերազմն ընկալում է որպես թալան:

Ո՞վ չգիտի, որ պատերազմի մասին խոսում են նրանք, ովքեր այդպես էլ չեն կարողանում հայրենասեր լինել խաղաղության գործիքներով: Որովհետեւ խաղաղությունը ընդգրկուն է, հաճախ նույնիսկ՝ շփոթեցնող հնարավորություններով: Պատերազմը միայն կոչերի աշխարհ է, որտեղ մեռնողը դու չես: Ու չես էլ պատրաստվում դեմքով իմանալ մեռնողներին: Եթե խաղաղության թեմայի մեջ ձեզ սարսափեցնում է տարածքների կորուստը, ինչո՞ւ եք դրանց կարեւորության մասին բղավում նրանց անունից, ովքեր իրենց կյանքից բացի կորցնելու ուրիշ ոչինչ չունեն: Դա վերաբերում է նաեւ ադրբեջանցուն: Եթե այնտեղ զոհաբերելու միս ունեն, դա իրենց խնդիրն է: Խաղաղության մասին պետք է խոսվի միշտ: Որովհետեւ պատերազմ փայփայողի հետ խոսելու ոչինչ չկա: Իսկ դա արդեն մեր խնդիրն է: