15.04.2019 12:36

Զելենսկին չի եկել Պոռոշենկոյի հետ բանավիճելու

Զելենսկին չի եկել Պոռոշենկոյի հետ բանավիճելու

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն ստիպված է եղել երկխոսելու փոխարեն բավարարվել մենախոսելով, որովհետև նրա ընդդիմախոսը՝ Վլադիմիր Զելենսկին, չի ընդունել կիրակի օրը՝ապրիլի 14-ին, դեբատներ անցկացնելու հրավերը:

Արդյունքում՝ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի է ունեցել Պոռոշենկոյի հերթական նախընտրական հանրահավաքը: Պոռոշենկոն ելույթ է ունեցել իր համակիրների առաջ, ապա պատասխանել է լրագրողների հարցերին:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ նախագահական մրցապայքարի մասնակիցների դեբատները պետք է կայանան ուղիղ եթերում, քվեարկության երկրորդ փուլից առաջ վերջին ուրբաթ օրը: Երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Նախապես մրցակիցները պայմանավորվել էին դեբատներն անցկացնել ապրիլի 19-ին, սակայն հետո Պոռոշենկոն հայտարարել էր, թե Զելենսկուն սպասում է մեկ շաբաթ ավելի վաղ, նշելով նաև, որ պատրաստ է ապրիլի 19-ին երկրորդ բանավեճն անցկացնել:

Զելենսկու շտաբը պնդում է , որ դեբատներն անցկացվեն այդ օրը՝ ապրիլի 19-ին, և կրկնակի դեբատների անհրաժեշտություն չի տեսնում:

Փոխանցում է euronews-ը: