16.04.2019 12:00

Վլադիմիր Զելենսկի. «Տխուր է, երբ նախագահն է դառնում շոումեն»

Վլադիմիր Զելենսկի. «Տխուր է, երբ նախագահն է դառնում շոումեն»

Կատակերգակ դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատասխանել է իր մրցակցին՝ պետության գործող ղեկավար Պյոտր Պոռոշենկոյին, որը նախորդ օրը կրկին նրան մեղադրել է վախկոտության և անիրազեկության մեջ:

Երկուշաբթի Facebook-ի իր էջում Զելենսկին տեսաուղերձ է տեղադրել, որում Պոռոշենկոյին կոչ է անում գործ անել՝ փոխանակ «հեռուստաալիքից հեռուստաալիք վազելու և մարզադաշտերում գոռգոռալու»:

«Ուզում եմ դիմել մի մարդու, որը շատ կարևոր պաշտոն է զբաղեցնում՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Պարոն Պոռոշենկո, ես ուզում եմ, որ դուք «ես լսել եմ»-ից անցնեք «ես կանեմ»-ի… Շոումենը կարող է նախագահ դառնալ, բայց երբ նախագահն է դառնում շոումեն, դա տխուր է: Դեբատներն ամսի 19-ին են, իսկ գործը՝ ամեն օր»,- ասում է Զելենսկին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկու հաղթանակն է կանխագուշակել նաև Կրասնոյարսկի կենդանաբանական այգու ամուրյան գուշակ-վագր Բարտեկը, որի գուշակությունները մինչև հիմա ճիշտ են եղել: Երբ զոլավոր վայրի կենդանուն միս են հրամցրել՝ նրա առաջ դնելով երկու տուփ՝ Ուկրաինայի նախագահական մրցապայքարի երկու թեկնածուների պատկերով, նա մոտեցել է Զելենսկու նկարով տուփին:

Սակայն Զելենսկին հաղթանակի ավելի ծանրակշիռ հնարավորություններ ունի. նախընտրական հարցումներում նա վստահորեն առջևում է:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին:

Փոխանցում է euronews-ը: