16.04.2019 14:42

Լիզա Ճաղարյան. Ձեր պորտն էլ, փաստորեն, ԱԺ-ում են կտրել

Լիզա Ճաղարյան. Ձեր պորտն էլ, փաստորեն, ԱԺ-ում են կտրել

Ճիշտն ասած, այսօր արթնացել էի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոստանը մի քանի քար նետելու տրամադրությամբ։ Բնական է՝ ումից սպասելիքներ ունես, եւ այդ սպասելիքները, ըստ քեզ, քո պատկերացրած կամ ցանկացած մակարդակը չեն ապահովում, հենց նրանց էլ ուզում ես սառը ցնցուղով սթափեցնել։ Տարօրինակ կլիներ, եթե ԲՀԿ-ականները կամ մարուքյանականները նման ցանկություն հարուցեին. ես այդ ուժերից ոչ մեկին չեմ ընտրել եւ սրանցից ոչ մի սպասելիք չունեմ։

Ինչու՞ մտադրությունս փոխեցի։

Հիմնական պատճառը հենց այս նույն ԲՀԿ-ականների եւ մարուքյանականների, առաջինի՝ վարժապետական, երկրորդի՝ վարքից «երկու» ստացած, տանը դաստիարակության երես չտեսած դպրոցականի պահվածքն է։

Նախապես ասեմ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանց ներկայությունը խորհրդարանում ինձ չի ոգեւորում, մի քանիսինը նույնիսկ անսահման տխրեցնում կամ նյարդայնացնում է։ Ի՞նչ արած։ Ընդամենը պետք է հույս փայփայենք, որ տարիների ընթացքում սրանցից ոմանք զուգահեռաբար կինքնակրթվեն, ոմանք էլ կսկսեն գիտակցել, որ հասարակությունն իրենց մանդատ է տվել, որ տքնաջան աշխատեն, ոչ թե ՀՀԿ-ական մարգարիտեսայանական մակարդակի շարադրություններ կարդալով հասարակության «սրտից թույլ» շերտի աչքերից ջրի գին ունեցող արցունք քամեն։ Եթե չարդարանան այդ հույսերը, նորից կասենք՝ ի՞նչ արած։ Ի վերջո, երեւի հնարավոր էլ չէ, որ Աժ մեծամասնության բոլոր պատգամավորները փայլեն իրենց իմացությամբ ու արհեստավարժությամբ, էլ չասեմ՝ հեղափոխությամբ իշխանության հասածների պարագայում նույնիսկ օրինաչափ բան է։

Ուրեմն, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն այսօր շանթուորոտի, հուրուկայծակի սեանս տվեց ամբիոնից՝ հիշեցնելով, որ իրենք՝ ԲՀԿ-ականները, վաղուց արդեն կարկառուն են, իսկ ահա այս «իմքայլականները» ո՞վ էին, ի՞նչ էին մինչեւ հեղափոխությունը, եւ որ այս մարդիկ Աժ-ում են հայտնվել իրենց առաջնորդների շնորհիվ։

Բացարձակապես չեմ վիճարկում այս տեսակետը։ Ընդամենը հակադարձ հարց տամ այս հռետորին՝ անձամբ ձեր եւ մնացած ԲՀԿ-ականների պորտն Ազգային ժողովու՞մ են կտրել, թե՞ կարծում եք՝ երբ առաջին անգամ ձեզ բազմաթիվ ընտրակեղծիքներով ձեւավորված խորհրդարանի մանդատ մատուցեցին, ԲՀԿ-ական «ընտրվածներդ» երկրի փրկիչների «Օլիմպոսի» կատարին նստած էիք, ազգի պռոշն էլ ճաքել էր ԲՀԿ-ականներիդ խորհրդարանում տեսնելու տենչանքից։ Ու՞մ համար է գաղտնիք, որ բոլորդ էլ այսօր գլխներիս «ժողովրդի ընտրյալ» եք աշխատում միմիայն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, եւ այսօր ձեր առավելությունը «իմքայլականների» նկատմամբ այն է, որ մի քանի անգա՛մ եք «ընտրվել» այդ նույն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, իսկ ձեր դիմացինները դեռ չեն հասցրել ձեզ նման «կարկառուն» դառնալ եւ վարպետանալ էժանագին հեղինակության ձեռքբերման ցեխոտ ջրերում ճղփճղփացնելու գործում։

Ուրիշներին զուսպ լինելու կոչեր անողներդ էլ մի քիչ զուսպ եղեք, լա՞վ։ Հասարակության կարճ հիշողության վրա հույս դնելն այնքան էլ անարդյունավետ չի՝ ցավոք, բայց մի մոռացեք, որ սուր հիշողություն ունեցողներն էլ չեն վերացել դինոզավրերի նման։

Ուզում եք, թե չեք ուզում՝ Հայաստանում այժմ մի իրավիճակ է, երբ ոչ միայն հերոսություն չէ նոր իշխանությանը աջից-ձախից անխնա հարվածելը, այլեւ ցանկացած նման հիստերիկության տակ «հորթ» փնտրելը հիմնազուրկ չէ։ Եվ ի դեպ, «չմտածեք, որ ես իշխանամետ եմ, դրա համար եմ ասում, որ...», «ես, իհարկե, ընդդիմադիր եմ, բայց չեմ կարող չասել, որ...» եւ այսպես՝ օրվա իշխանության որեւէ քայլը պաշտպանելուն զուգընթաց, չքմեղանալու փորձ անողներն էլ են ծիծաղելի ստեղծված կացության պայմաններում։ Ինչու՞ են արդարանում այս մարդիկ եւ ու՞մ առաջ են արդարանում։

Ներկա Հայաստանում, ըստ այս չքմեղացողների, դեռեւս մեկ տարին անգամ չբոլորած նոր իշխանությանը հայհոյելը հերոսությու՞ն է, եւ իրենք ահա՛ վախենում են կորցնե՞լ կտրիճ Դավոյի «լուսապսակը»։

Այս չքմեղացողները նայու՞մ են իրենց շուրջը, տեսնու՞մ են, թե ովքեր են «ընդդիմադիր» վայնասունի հեղինակները, թե՞ մութ է, չի երեւում, որ ինչքան պատեհապաշտ սրիկա կա, ինչքան նախկին կաշառակեր ու գող կա, ինչքան անպատիժ մնացած հանցագործ կա, ինչքան սրա-նրա դռնից ոսկոր թռցնող ու մեկուկես անդամ ունեցող կուսակցության հոգեխանգարված «առաջնորդ» կա, ինչքան ձրիակերության սովոր «5000 դրամանոց« թափթփուկ կա՝ «ընդդիմադիր» ալիքի վրա է։ Այս չքմեղացողները մոռացե՞լ են դրանց կենսագրությունը, դրանց անցած ճանապարհը, դրանց ճամբարից ճամբար թռչելը՝ «նայած թե՝ ով ինչքան կտա» նշանաբանը ճակատներին դաջած։

Եթե չեն մոռացել, դժվա՞ր է ենթադրել՝ եթե այս կարգի քամելեոններն ու դոնդողներն են օրվա «առյուծները», սրանց նպատակը ո՞րն է ուրեմն, սրանց «օզվերին»-ի մատակարարներն ովքե՞ր են։

Շա՞տ խելք է պետք հասկանալու համար, որ սրանց նպատակը նախկին թալանչիներին ու մարդասպաններին հետ բերելն է, «քաջության» հիստերիկ նոպաների «բուժման» դեղամիջոցն էլ Հայաստանի քաղաքացիներից գողացած թալանից սրանց շպրտած երեսուն արծաթն է։

Կասեք՝ այսինքն ի՞նչ, չքննադատե՞նք, սխալների մասին չբարձրաձայնե՞նք։ Ե՛վ քննադատենք, ե՛ւ բարձրաձայնենք։ Այդպես էլ անում են Հայաստանի ճակատագրով, ոչ թե սեփական գրպանի պարունակությամբ մտահոգվածները։ Բայց մի քանի կիլոմետր հեռու փախեք Հայաստանի մոտալուտ եւ անխուսափելի կործանման մասին «զգուշացնող» սրիկաներից։
Եթե Հայաստանը, բարեբախտաբար, չկործանվեց ռոբասերժական զարհուրելի տարիներին, հիմա՝ երբ, թեկուզ սխալներով, թեկուզ սայթաքումներով, բայց իշխանության են եկել իրենց ձեռքերն անմեղ մարդկանց արյան մեջ չթաթախած, իրենց գերնպատակը թալանչիների դեմ պայքարը դարձրած մարդիկ, հաստատ չի կործանվի ու չի կործանվի։