16.04.2019 14:31

Էկվադորի իշխանությունները ավելի քան 40 մլն կիբեռգրոհ են արձանագրել

Էկվադորի իշխանությունները ավելի քան 40 մլն կիբեռգրոհ են արձանագրել

Էկվադորում ավելի քան 40 մլն կիբեռգրոհ է գրանցվել այն բանից հետո, երբ հանրապետության իշխանությունները որոշում կայացրին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել ապաստանից: Այդ մասին տեղեկացրել է հարավամերիկյան երկրի հեռուստահաղորդակցության և տեղեկատության նախարարությունը:

«Գրոհն Էկվադորի վրա այնպիսին էր, որ ապրիլի 11-ին, օրվա երկրորդ կեսին, մենք կիբեռգրոհների թվով վարկանիշային ցանկում 51-րդ տեղից տեղափոխվեցինք 31-րդ տեղը»,- ասել է  հեռուստահաղորդակցության հարցերով փոխնախարար Պատրիսիո Ռեալը:

Փոխնախարարի խոսքով՝ ցանցահենների գրոհին են ենթարկվել  ԱԳՆ-ն, Կենտրոնական բանկը, նախագահի վարչակազմը, ՆԳՆ-ն, ինչպես նաև այլ գերատեսչություններ և համալսարաններ:

Պաշտոնյան նշել է, որ շատ երկրներ Էկվադորին օգնություն են առաջարկել՝ դիմակայելու այդ կիբեռգրոհները: «Տվյալ պահին օգնության ոչ մի առաջարկ չի ընդունվել, քանի որ համակարգչային պաշտպանության մակարդակը բավարար է»,- հավելել են նախարարությունում:

Փոխանցում է tass.ru-ն: