17.04.2019 12:45

Զելենսկին և Պոռոշենկոն վարձակալել են «Օլիմպիական» մարզադաշտը

Զելենսկին  և Պոռոշենկոն վարձակալել են «Օլիմպիական» մարզադաշտը

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին քննադատության է ենթարկել իր մրցակցի՝ երկրի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյի շտաբին այն բանի համար, որ Կիևի «օլիմպիական» մարզադաշտում ապրիլի 19-ին կայանալիք դեբատներն անցկացնելու համար նրանք  երկրորդ բեմահարթակն են  կառուցում։

«Ի՞նչ են ուզում։ Ահա, մենք բեմահարթակ տեղադրել ենք, նրանք ուզում են մեկ այլ բեմահարթակ կառուցել։ Աշխարհում որտե՞ղ եք տեսել նման դեբատներ, ո՞նց եք պատկերացնում երկու թեկնածուների բանավեճը երկու հարթակների վրա։ Նրանք շարունակում են մարդկանց բաժանել»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ իր կողմնակիցները Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն են, և իր թիմը չի փոխի դեբատների անցկացման պայմանները։

«Նրանք դեմ են, որ մարդիկ ազատորեն կարողանան մասնակցել, իսկ մեզ համար դա գլխավոր պայմանն է։ Դրա համար էլ դեբատները տեղի կունենան 2019 թ․ ապրիլի 19-ին, ժամը 19։00, մուտքն ազատ է, տոմսերի տարածումը սկսվում է հենց հիմա»,- ասել է Զելենսկին։

Նախագահի թեկնածուների շտաբները երեքշաբթի պայմանավորվածություն են ձեռք բերել ապրիլի 19-ին «Օլիմպիական» մարզահամալիրը վարձակալելու վերաբերյալ։ Զելենսկու շտաբում հայտարարել են, որ դեբատների օրը մուտքը մարզադաշտ անվճար կլինի, իսկ միջոցառման անցկացումը կկազմի 6-8 մլն գրիվնա (220-296 հազար դոլար)։ Սակայն դեռ բաց է մնում դեբատներին երկու մասնակիցների կողմնակիցների քանակական ներկայացվածության հարցը։

Փոխանցում է tass.ru-ն։