17.04.2019 15:26

Արսեն Գրիգորյան․ Նազարբաեւն իրականում վիրավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արսեն Գրիգորյան․ Նազարբաեւն իրականում վիրավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նամակ էր գրել Ռոբերտ Քոչարյանին եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Քոչարյանի գրասենյակն անմիջապես հրապարակեց այս նամակը, ըստ որի՝ Նազարբաեւը «ջերմությամբ է հիշում համատեղ աշխատած տարիները, եւ որ հետագա անձնական շփումները կլինեն շարունակական»։

Հասկանալի չէր, թե ինչու է Նազարբաեւը նամակ գրել հենց Քոչարյանին ու այնտեղ որեւէ տողով չի անդրադարձել վերջինիս այսօրվա կարգավիճակին ու խոսել իր աջակցությունից։ Ասենք, չի գրել՝ ձեզ մաղթում եմ այսօր վիճակված փորձություններից դուրս գալ արիաբար, դե թեկուզ՝ «վոյինին» բնորոշ անկաշկանդվածությամբ։

Տպավորություն էր, թե Նազարբաեւը մինչեւ հիմա չգիտի, թե որտեղ է գտնվում Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ մի քաջալերող խոսք։ Ավելի ուշ պարզվեց, թե ինչու էր Նազարբաեւի նամակը այդքան արարողակարգային, քաղաքավարական։ Նա գրել է Հայաստանի բոլոր նախագահներին, նաեւ այլ երկրների նախագահներին, որոնց հետ աշխատել է Ղազախստանի նախագահ լինելու 30 տարիների ընթացքում։ Նա չի քաջալերել Ռոբերտ Քոչարյանին եւ նրան չի առանձնացրել բոլորից, որոնց հետ աշխատել է, որովհետեւ դա մի պարզ նամակ է եւ ոչ մի կապ չունի ակնածանքի հետ, որ կարող է զգալ մի պետության երբեմնի առաջնորդը մեկ այլ պետության երբեմնի առաջնորդի հադեպ։

Նազարբաեւն իրականում ավելի է «փչացրել» ամեն ինչ։ Նա ուղղակի ցույց է տվել, որ որեւէ կերպ մտահոգված չէ Քոչարյանի այսօրվա կարգավիճակով։ Ինչո՞ւ է երկրորդ նախագահի գրասենյակը շտապել օր առաջ առանձնացնել այս նամակը մյուսներից։ Առաջին հայացքից՝ ուրիշ ի՞նչ պիտի աներ, հո չէ՞ր գրի, որ տասնյակ նամակներից մեկն է այս նամակը։ Պիտի առանձնացներ։ Խնդիրն այլ է՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այս նամակը հրապարակելով ուզում է ցույց տալ, թե ինչքան կարեւոր քաղաքական դեմք է շարունակում մնալ Քոչարյանը, եթե Նազարբաեւը նրան չի մոռացել։ Բայց հեռացածին չի մոռացել հեռացողը։

Այս նամակով Նազարբաեւը Քոչարյանին ամենեւին էլ «քաղաքական ապաստան» չի տրամադրել իր սրտում, ընդամենը «լացել» է իր նման աննախագահ մնացած մեկի «կրծքին»։ Երախտագիտորեն «լացել» է, որովհետեւ վատ ժամանակներ չէին իրենց համար, էլ երբեք չեն կրկնվելու։ Նազարբաեւի նամակում ակնարկ չկա, որ Քոչարյանի համար լավ է լինելու հենց Հայաստանում։ Թե ինչո՞ւ է ոգեւորվել երկրորդ նախագահի գրասենյակը, պարզ չէ։ Այնտեղ նույնիսկ վկայություն չկա, որ 2008-ի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը Քոչարյանը Հայաստանում չի եղել ու ոչ մի կապ չունի այդ օրերի սպանությունների հետ։

Այնպես որ՝ գրասենյակն ավելի լավ կաներ, եթե այդ նամակը չառանձնացներ, որովհետեւ դա նամակ է մի անցյալի մասին, որը Քոչարյանին հիշեցնում է, թե եղել են ժամանակներ, երբ նրա թուրը կտրում էր աջ ու ձախ, եւ որ այլեւս այդպիսի ժամանակներ չեն լինելու։ Ի՞նչ կարիք կար մարդուն հիշեցնել, թե ինչքան լավ է եղել մի ժամանակ՝ հենց այն պահին, երբ նրա համար ուղղակի վատ է, եւ դրա ծայրը չի երեւում։