17.04.2019 19:06

Հայաստանում իր առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը

Հայաստանում իր առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը

Dentsu Aegis Network-ի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ գովազդի համաշխարհային շուկայի աճը կհասնի 3,8%-ի, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 625 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում՝ ընդհանուր աճի 40%-ը բաժին կընկնի թվային գովազդին, որի ծախսերը կավելանան 12%-ով։ 19,2%-ով կաճի բջջային սարքերում գովազդը։ Հեռուստագովազդը, ընդհակառակը, կզիջի դիրքերը՝ նվազելով 0,5%-ով։


Ի՞նչ արտացոլում ունեն համաշխարհային միտումները Հայաստանում․ Բրեվիսի հետազոտություններից մեկը հետաքրքիր պատկեր է բացահայտել․2019 թ. մարտին անցկացված հարցումների նպատակն էր պարզել՝ տեղեկատվության որ աղբյուրների գովազդներն են առավել շատ դիտվել և հատկապես որ գովազդներն են տպավորիչ ու հիշվող։


Այսպես, Հայաստանում դեռևս իր առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը՝ կազմելով դիտված գովազդների 27,8%-ը։ Համացանցում (առանց սոց․ ցանցերի) դիտված գովազդը շուրջ 13 անգամ պակաս է՝ 1,9%, իսկ սոցիալական ցանցերում դիտված գովազդը կազմում է ընդամենը 1,3%։


Հետաքրքիր է, որ հարցվողների մեծամասնությունը դժվարացել է պատասխանել, թե որն է եղել ամենահիշվող գովազդը, իսկ հիշվողների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմել սննդի և ըմպելիքի (9,7%), բջջային օպերատորների (5,3%), տեխնիկայի (3,9%) և բուքմեյքերական ընկերությունների (2,7%) գովազդները։