17.04.2019 21:23

Կոռուպցիայի մասին նախկինները երեւի լռեն

Կոռուպցիայի մասին նախկինները երեւի լռեն

Հայաստանի նախկին իշխանությունները եւ նրանց «ակտիվ» աջակից-ակտիվիստները ներկա իշխանություններին քննադատելու մի ուշագրավ մարտավարություն են որդեգրել: Փորձելով մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե երկրում բան չի փոխվել, քննադատելու իրական առիթները թողած` հայտարարում են, թե իսկ ո՞վ է ասել, որ այսօր կոռուպցիա չկա Հայաստանում։ Եվ  որպես «ապացույց» բերում են ՊՎԾ աշխատակիցների եւ առողջապահության փոխնախարարի դեմ հարուցված քրեական գործերը: Քարոզչական այս մեթոդը, սակայն, շատ թույլ է, դրա հեղինակերը չեն հասկանում, որ այդ կորպ միայն իրենց քաղաքական հայրերի դեմ են հակաքարոզչություն անում:

Երբ Փաշինյանն ասում է՝ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, նկատի ունի, որ ինքը, որպես ղեկավար, կոռուպցիոներ չէ, եւ որ հանձնարարել է իրավապահներին պայքարել կոռուպցիոներների դեմ: Իհարկե, դա չի նշանակում, թե որեւէ պաշտոնյայի մտքով չի կարող անցնել կոռուպցիայի մեջ մտնել, բայց նաեւ նա գիտի, որ կարող է բռնվել:

Իսկ նախկին իշխանությունների կոռումպացվածության ապացույցն այն չէր, որ այս կամ այն պաշտոնյայի մտքով անցնում էր կոռուպցիայի մեջ թաթախվել: Նախկինների ժամանակվա խնդիրն այն էր, որ բոլորը գիտեին, որ այս կամ այն պաշտոնյան կոռուպցիոներ է, որ այս կամ այն գործարքից ակնհայտ կոռուպցիայի «հոտ է փչում», անգամ սկանդալային հետաքննություններ էին հրապարակվում (օրինակ` Տիգրան Սարգսյանի կամ Միհրան Պողոսյանի մասով), սակայն, այդ ամենը իրավական գնահատականի չէին արժանանում, եւ իշխանական պաշտոնյայի դեմ քրեական հետապնդում չէր սկսվում: Իսկ մեկ-երկու բացառություններն էլ ապացուցում էին օրինաչափությունը եւ ցույց տալիս, որ կոռուպցիայի համար նախկինում դատված մեկ-երկու հոգին իրականում ոչ թե կոռուպցիայի, այլ ուրիշ՝ ներքին հաշիվների կամ կանոնները խախտելու համար էին դատվում:

Ավելին, կոռուպցիայի դեմ իրական պայքար ոչ միայն չկար, այլեւ հնարավոր պայքարը դարձել էր ներքաղաքական հարցեր լուծելու մահակ` ոչ յուրայիններին կամ ընդվզած նախկին յուրայիններին լռեցնելու համար:

Հիշենք միայն 2015 թվականը, երբ ՀՀԿ շենքում կայացած նիստում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այդ ժամանակ իր դեմ դուրս եկած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խոսում էր «օդում կախված լուրերի» մասին, ըստ որոնց՝ Ծառուկյանը միլիոնների հասնող հարկեր է թաքցրել:

Հնարավոր կոռուպցիայի մասին խոսվեց ամենաբարձր մակարդակով, հրապարակավ հրահանգվեց ստուգել այդ տեղեկությունները, սակայն որոշ ժամանակ անց, երբ Ծառուկյանը հայտարարեց, թե փակում է քաղաքականության էջը, հակակոռուպցիոն պայքարի սպառնալիքները իրականություն չդարձան:

Ահա սա է ամենամեծ տարբերությունը: Այնպես որ՝ նախկինների աջակիցները լավ կանեն, ներկա իշխանություններին քննադատելու համար որպես առկա կոռուպցիայի ապացույցներ չբերեն ներկա պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը: Դրանով իրենք ապացուցում են միայն, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա` ի տարբերություն նախկինի:

 

Պարգեւ Ապրեսյան