19.04.2019 13:51

Արսեն Գրիգորյան. Հայաստանն այլեւս չի ուզում խաղալ բիզնես- «կայսրությունների» քմահաճույքներով

Արսեն Գրիգորյան. Հայաստանն այլեւս չի ուզում խաղալ բիզնես- «կայսրությունների» քմահաճույքներով

Ծառուկյան Գագիկը մի կերպ է թաքցնում հակահեղափոխական բնազդները: Խաղի նոր կանոնները նրա հագով չեն: «Թագավորն» աղմկում է նրա մեջ: Պահանջում է իր անփոխարինելիությունը: Պահանջում է ծափահարություններ:

Տղա եմ ասել: Չի թաքցնում, որ գործարար է, հետո ասում է. «Հանձնաժողովի նախագահը չի կարա գա իմ հետ երկխոսության, թող գնա գործարանի աշխատակիցների հետ խոսա»: Նկատի ունի իր ցեմենտի գործարանը: Ընդհանրապես՝ հեղափոխությունն այսպիսի բան է՝ եթե խելքդ չի կտրում, իր դիմաց մի կանգնիր, կհավաքի, կտանի: Հեղափոխությունները, սովորաբար, առաջինը խժռում են «թագավորներին», նրանք այդպիսի հատկություն ունեն:

Պարոն Ծռուկյանին խանգարում են կողմնորոշվել նոր Հայաստանում բոլորից մեկը լինելու եւ թագավոր լինելու միջեւ: Իսկապես խանգարում են, որովհետեւ, եթե ինքը թագավոր է, կարող է խնդիրներ ունենալ: Քաղաքացիների իրականությունում, որտեղ Սահմանադրությունը արքայական ոչինչ չի նախատեսում, նման հակումները վատ զարգացում կարող են ունենալ: Հենց այդ հակումներով էլ պարոն Ծառուկյանը երեկ շփվում էր լրագրողների հետ, անվանարկում էր նախկին լրագրող մի պատգամավորի, որը հաջողեցրել էր նկատել, որ 16 տարվա պատգամավորը խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ խոսել է այս տարվա հունվարին:

Արժանին մատուցենք պարոն Ծառուկյանին, որ խոսել է, որովհետեւ նոր Հայաստանում գնահատվում է հենց մասնակցությունը: Հակառակի պես՝ հենց դրա համար էլ հավաքվել ենք: Իսկ ինքը զարմանում է մեղադրանքից, ասում է. «Իմ ելույթն ու իմ թիմակիցների ելույթը նույն բանն է, մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»: Ես չգիտեմ, թե ինչու է այդ մարդը ամբողջ խմբակցությանը դարձրել իր մամուլի խոսնակ: Ինչո՞ւ են այդ մարդիկ ոտ ու ձեռ ընկել: Ընդ որում՝ բավականին առանց շեշտադրումների, առանց նոր իրողությունների հետ հաշվի նստելու: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե սկզբից բղավեին, որ պետք է ընդունել «Կուսակցությունների մասին» օրենքը, հետո մնացածը «համապատասխան» կընկնեն իրենց տեղը ե՛ւ մեր պատգամավորի բիզնես շահերը խորհրդարանում, ե՛ւ կուսակցությունների իրական անելիքը:

Ինչ-որ մի տեղից ինչ-որ մի առիթով պետք էր սկսել: Եվ Գագիկ Ծառուկյանն իրականում, ասենք թե, կարող էր արագացնել այդ ընթացքը: Հեղափոխությունը քննադատելու՝ նրա եւ խմբակցության մղումները սխալ տեղից են գալիս: Հեղափոխությունը դեռ ինվենտարիզացնում է այն Հայաստանը, որ վերջին 20 տարում ունեինք նաեւ ոչ առանց ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի: Հայաստանն այլեւս չի ուզում խաղալ բիզնես- «կայսրությունների» քմահաճույքներով: Կա՛մ հանգիստ նստեք տեղներդ, կա՛մ թույլ տվեք ձեզանից ավելի անհանգիստներին հասնել մի տեղ, որտեղ ձեր խոսքն արդեն իմաստ կունենա: