19.04.2019 16:31

Ղազախստանի ԿԸՀ-ն հաստատել է պետական լեզվին տիրապետելու պահանջը նախագահի թեկնածուներին

Ղազախստանի ԿԸՀ-ն հաստատել է պետական լեզվին տիրապետելու պահանջը նախագահի թեկնածուներին

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է երկրի նախագահի թեկնածուներին ուղղված պահանջը, որը վերաբերում է երկրի պետական լեզվին վարժ տիրապետելուն:

«Ղազախստանի Հանրապետության նախագահի թեկնածուի կողմից պետական լեզվի վարժ տիրապետումը հաստատում է լեզվաբանական հանձնաժողովը, որը ձևավորվում է Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Լեզվաբանական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լեզվաբաններ և այլ մասնագետներ՝ հինգ հոգուց ոչ պակաս»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Պետական լեզվի վարժ տիրապետումը պարզելու համար պահանջվում է՝ լեզվաբանական հանձնաժողովի առաջարկած գրավոր հանձնարարության կատարում՝ երկու էջից ոչ ավելի, տպագիր տեքստի ընթերցանություն՝ երեք էջից ոչ ավելի, հրապարակային ելույթ՝ լեզվաբանական հանձնաժողովի հանձնարարած թեմայով՝ առնվազն 15 րոպեանոց:

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 9-ին հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 9-ին: Նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվել է ապրիլի 10-ին և կշարունակվի մինչև ապրիլի 28-ը: Թեկնածուն պետք է հավաքի իր աջակիցների ավելի քան 118 հազար ստորագրություն:

Փոխանցում է tass.ru-ն: