20.04.2019 12:10

«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». Խաղից առաջ

«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». Խաղից առաջ

Ապրիլի 20, մեկնարկը՝ 15:30, «Էթիհադ» մարզադաշտ, Մանչեսթեր

Խաղի մրցավար՝ Մայքլ Օլիվեր

Չեմպիոնների լիգայում անցկացրած բավականաչափ բարդ ու հագեցած, դրամատիկ պահերով հարուստ1/4 եզրափակչի հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը» կրկին միմյանց դեմ դուրս կգան, բայց այս անգամ Անգլիայի առաջնության շրջանակում:

Կարելի է ենթադրել, որ «Մանչեսթեր Սիթին» հիասթափության պահեր է ապրում: Պեպ Գվարդիոլայի թիմը յուրաքանչյուր տարի իր առջև նպատակ է դնում՝ որքան հնարավոր է Չեմպիոնների լիգայում առաջ շարժվել, սակայն ամեն անգամ անգլիական որևէ թիմ նրան դուրս է թողնում պայքարից: Այս անգամ  «քաղաքաբնակները» ծայրահեղորեն մոտ էին կիսաեզրափակիչ դուրս գալուն, բայց ահա  VAR-ի առկայությունը թույլ չտվեց մանչեսթերյան ակումբին առաջ շարժվել. Ռահիմ Ստերլինգը գոլ խփեց  խաղավարտին, սակայն կանոնները չպահպանելով, և գոլը մրցավարական կազմը չհաշվեց: Դե ինչ արած, պետք է առաջ շարժվել:

«Տոտենհեմը», ընդահակառակը, պետք է ոգևորված և խանդավառված լինի այս հաղթանակից հետո: Այս մասին է վկայում նաև Մուսա Սիսոկոն, ով այնքան է հիաթափվել Սթերլինգի խփած գոլից, որ ժամանակից շուտ գնացել է հանդերձարան, որտեղ հեռուստացույց չկար: Երբ նրան ասել են, որ իր թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ, անչափ ոգևորվել է, այդ պահը համարել  պատմական և իսկական հուզական շոկ  ապրել:  

Այնուհանդերձ, թեև պարտությանը, «Մանչեսթեր Սիթին» պետք է ավելի մոտիվացված լինի, քան «Տոտենհեմը»: Նախ «քաղաքաբնակները» «Լիվերպուլի» հետ միասին պայքարում են առաջին տեղի համար և ցանկացած բացթողում կարող է ճակատագրական լինել և, բացի դրանից, գոյություն ունի  ֆուտբոլի մի մասը կազմող  «սպորտային վրեժը»՝ եվրագավաթային ամենահեղինակավոր մրցույթից դուրս թողնելու համար: Նշենք նաև, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի առաջին կեսին «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Արդյո՞ք Չեմպիոնների լիգայում անցկացրած լարված հանդիպումներից հետո այս խաղի համար կբավարարեն «Մանչեսթեր Սիթիի» բարոյական և ֆիզիկական ուժերը: «Տոտենհեմը» կկարողանա՞ այդքան համառ պայքար մղել լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Ահա  այս հանդիպման նախօրյակին հնչող և բոլորին հետաքրքրող 2 արդիական հարցերը, որոնց պատասխանները կստանանք ընդամենը ժամեր անց:

Հետաքրքրական փաստեր

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին բոլոր 9 հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է:
  • ԱՊԼ-ի 18 տնային խաղերից 17-ում «քաղաքաբնակները» նվազագույնը 2 գոլ են խփել:
  • Բոլոր մրցաշարերի 10 տնային խաղերից 8-ում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ է տոնել:
  • ԱՊԼ-ի վերջին 4 արտագնա հանդիպումներում «Տոտենհեմը» նվազագույնը 2 գնդակ է բաց թողել:
  • «Քաղաքաբնակները» «Տոտենհեմի» դեմ անցկացրած վերջին 3 տնային խաղերում նվազագույնը 3 գոլ են խփել:

Ի՞նչ են ասում մարզիչները

Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»). Չորեքշաբթի մենք բոլորս անհավանական հույզեր ունեցանք: Ես ուրախ եմ, որ երկրպագուներին այդպիսի շոու նվիրեցինք: Այդ հանդիպումը մշտապես կմնա մեր հուշերում: Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, որոնք չխնայեցին իրենց ուժերը: Հիմա պետք ուշադրություն դարձնենք  առաջնության խաղերին:  Կարծում եմ, հարձակողական ֆուտբոլ կլինի:  

Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»). Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան տարբեր բաներ են: Դրանք առանձնանում են իրենց որակներով: «Մանչեսթեր Սիթին» կփորձի հաղթել ԱՊԼ-ում, իսկ մեզ համար հաջող արդյունք կլինի, եթե կարողանանք պահպանել մեր տեղը լավագույն քառյակում: