20.04.2019 12:18

Ուկրաինա․ Զելենսկի-Պոռոշենկո դեբատները

Ուկրաինա․ Զելենսկի-Պոռոշենկո դեբատները

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայցել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներ Վլադիմիր Զելենսկու և գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հանրային բանավեճը։

Մարզադաշտը բաժանված էր երկու մասի՝ մի կողմում Զելենսկու հարթակն էր, մյուսում՝ Պոռոշենկոյի։ Յուրաքանչյուր հարթակի առջև կազմակերպվել էր «ֆան-գոտի», որտեղ հավաքվել էին թեկնածուների կողմնակիցները։ Սակայն դեբատների մեկնարկից առաջ Պոռոշենկոն իր թիմի հետ անակնկալ գնացել է Զելենսկու հարթակ, և թեկնածուները քարոզարշավի ընթացքում առաջին անգամ հայտնվել են նույն բեմահարթակում և միմյանց ձեռք սեղմել։

Զելենսկին իր ելույթում ընդգծել է, որ նախագահը չպետք է օլիգարխ լինի, այլ մարդ ժողովրդից, և երկրում իշխանության պետք է գան «21-րդ հարյուրամյակի մենթալիտետով նորմալ մարդիկ»։

Իսկ Պոռոշենկոն ասել է, որ Զելենսկին անիրազեկ մարդ է՝ նախագահ լինելու համար, նա նաև անընդհատ շեշտել է, որ Զելենսկու թիկունքում կանգնած է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին։ Նա Զելենսկուն մեղադրել է նրանում, որ նա, իբր, հայտարարել է, թե պատրաստ է ծնկի գալ Պուտինի առաջ, ինչին ի պատասխան՝ Զելենսկին հայտարարել է, որ իր խոսքը ենթատեքստից կտրված է ներկայացվում։ «Ես հիմա պատրաստ եմ ծնկի գալ յուրաքանչյուր մոր առջև, որի որդին ռազմաճակատից չի վերադարձել, յուրաքանչյուր մանկան առջև, որի հայրը չի վերադարձել կռվից, ես պատրաստ եմ ծնկի գալ յուրաքանչյուր կնոջ առջև, որը կորցրել է ամուսնուն պատերազմում, և ձեզ էլ եմ առաջարկում ծնկի գալ»,- ասել է Զելենսկին ու ծնկի է իջել։ Պոռոշենկոն նույնպես ծնկի է իջել Ուկրաինայի դրոշը պարզած մի կնոջ առջև, որը, պարզվել է, Դոնբասում զոհված զինվորի այրի էր։

Բանավեճն ավարտվել է Ուկրաինայի օրհներգով՝  «Ще не вмерла Україна», որը կատարել է գրեթե ամբողջ մարզադաշտը։

Փոխանցում է BBC-ն։