22.04.2019 11:32

Ռոնալդու. 1000 տոկոսով մնում եմ «Յուվենտուսում»

Ռոնալդու. 1000 տոկոսով մնում եմ «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետո հերքել է լուրերը, որ կարող է ժամանակից շուտ հեռանալ իտալական ակումբից:

«Լավ տարի էր, որի ընթացքում հարմարվում էի: Մենք հաղթեցինք Իտալիայի Սուպերգավաթում ու նվաճեցինք Սկուդետոն: Երջանիկ եմ, հաղթելը հեշտ չէր:

Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին կասեմ, որ հնարավոր չէ միշտ հաղթել: Մենք կատարեցինք մեր լավագույն աշխատանքը: Բոլոր ուժերս ներդրեցի թիմին օգնելու համար, ինչը կանեմ նաեւ հաջորդ մրցաշրջանում: 1000 տոկոսով մնում եմ «Յուվենտուսում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որն ունի Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնի կոչումները։

Պորտուգալացի հարձակվողն այս մրցաշրջանից առաջ Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառ: