22.04.2019 11:29

Ութ պայթյուն Շրի-Լանկայում Զատկի տոնին

Կիրակի առավոտյան, երբ կաթոլիկներն ամբողջ աշխարհում նշում էին Զատկի տոնը, Շրի-Լանկայում պայթյունների մի ամբողջ շարք է որոտացել հյուրանոցներում և կաթոլիկ տաճարներում:

Առաջին վեց պայթյունը որոտացել են գրեթե միաժամանակ մի քանի քաղաքների եկեղեցիներում, Զատկի ժամերգության ընթացքում, ինչպես նաև «Շանգրի-Լա», «Սինամոն Գրանդ» և «Քինգսբերի» հյուրանոցներում, որոնք երեքն էլ գտնվում են կղզի-պետության մայրաքաղաք Կոլոմբոյի կենտրոնում:

Երկու ժամ անց Կոլոմբոյում որոտացել է յոթերորդ պայթյունը՝ կենդանաբանական այգու մոտ գտնվող ոչ մեծ հյուրանոցում: Վերջին՝ ութերորդ պայթյունը տեղի է ունեցել Կոլոմբոյի արվարձանում:

Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է առնվազն 290 մարդ, մոտավորապես 500 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Այս թվերը հազիվ թե կարելի է վերջնական համարել. հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են:

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ զոհերի թվում առնվազն 27 օտարերկրացի կա՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի, Նիդեռլանդների քաղաքացիներ:

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Շրի-Լանկայի պաշտպանության նախարարը պնդել է, որ պայթյունների կազմակերպիչները հայտնի են իշխանություններին: Ըստ նրա՝ գրոհները հիմնականում իրականացրել են մահապարտներ: Պայթյուններին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 24 մարդ:

Փոխանցում է BBC-ն: