22.04.2019 12:20

Արսեն Գրիգորյան. Զուգահեռ իրականության քաղբանտարկյալը

Արսեն Գրիգորյան. Զուգահեռ իրականության քաղբանտարկյալը

Ես չէի կարդացել Ռոբերտ Քոչարյանի հոդվածը EurActiv կայքում: Կարդացի: Խնդիր կա: Նամակի հեղինակը քաջ մարդ չէ: Որովհետեւ նա Հայաստան է ղեկավարել մի ժամանակաշրջանում, երբ իր զոհերն ուղղակի պարտավոր էին քաջ լինել, որովհետեւ նրանց խոշտանգում էին:

Քոչարյանը չգիտի, որ հիմա չեն խոշտանգում: Նա ամեն վայրկյան սպասում է, որ հեսա-հեսա իր գլուխն ուտելու են: Հավանաբար՝ դա նաեւ իր փաստաբանների արածն է: Ու դիմել է ԵՄ-ին, թե՝ հասեք: Այդպես չի կարելի: Այդպես շարունակվելու դեպքում ինքը շատ արագ անկեղծորեն համոզվելու է, որ քաղբանտարկյալ է: Բայց համոզվելու է ոչ թե այստեղ՝ մեր միջավայրում, այլ իր զուգահետ իրականությունում: Նա իր զուգահեռ իրականությունից պետք է վերադառնա Հայաստան: Այսօր նա գոնե զուգահեռ իրականության քաղբանտարկյալ է, որտեղ կարող է պայքարել եւ հաղթել մտքով անցած թշնամուն՝ ինչ էլ լինի նրա անունը: Նա պետք է հասկանա, որ գոնե կտտանքների եւ զրկանքների «հույս» պիտի չունենա: Ընդ որում, եթե անգամ քաջ է, ուղղակի բզբզում է մեղվի փեթակը, որ բռնության զոհ դառնա: Լեզուն ագրեսիվ է, կարծես հողմաղացներ տեսած լինի, որոնց հաղթել է պետք:

Նա գրում է. «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը՝ 2008-ի մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երեւանի փողոցներում դաժան բախումների. 8 ցուցարար է զոհվել եւ 2 ոստիկան»:

Գիտի, որ ճշմարտությունը չի ասում: Գիտի հարյուր տոկոսով: Ու մանիպուլացնում է իրադարձությունները: Հանուն ու՞մ: Կամ ինչի՞: Հանուն այն բանի, որ չկորցնի զուգահեռ իրականության իր աշխարհը: Որովհետեւ եթե հանկարծ մտավ այս իրականություն, չի դիմանա: Այստեղ իրեն ընդունողներ գրեթե չկան, իր խոսքին հավատացողներ չկան, ինքը սնում է իր զուգահեռ իրականությունը, ինքը ճշմարտության խոսափող է իր զուգահեռ իրականությունում:

Մարդ նույնիսկ չգիտի՝ Ռոբերտ Քոչարյանն իշխանություն ունի՞ իր մտքերի վրա: Առավելեւս հասկանալի չէ՝ ի՞նչ էր անում նա մինչեւ երկրորդ անգամ կալանավորվելը: Տեսնում էր, չէ՞, որ իրավիճակ է փոխվել: Առաջին հայացքից՝ ի՞նչ պետք է անի ազատության ձգտող մարդը: Պետք է օգտվի ձեռքի տակ եղած բոլոր օրինական միջոցներից: Քոչարյանի օրինական միջոցները փաստաբանների հայտարարություններն են եւ իր հրապարակումները: Ամեն ինչ ճիշտ է, բայց նա կալանավորվել է իրեն հենց օրենքից վեր դնելու համար: Ասում է՝ մեղադրանքիս իմաստը պարզ չէ «հանրության լայն շրջանակների համար»: Հանրության նրա պատկերացումը սկսվում է «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսից, շարունակվում է նախագահի 5 ընտրություն կեղծելուց եւ ավարտվում՝ այդպես էլ չիմանալով կամ ձեւացնելով, թե չգիտի, թե ինչ է մտածում իր մասին:

Երբեմն սարսափով եմ մտածում, թե ինչերի միջով է անցնելու այս մարդը ինքն իրեն առերեսվելու համար: