22.04.2019 13:21

Պանկիսի կիրճում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

Պանկիսի կիրճում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

Վրաստանի Պանկիսի կիրճում, որտեղ կիրակի առավոտից տեղի բնակիչները բողոքի ցույց էին անում Ալազանի գետի վրա փոքր հէկ-ի շինարարության դեմ, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ժամանումը լարել է իրավիճակը:

 Ինչպես հաղորդել են վրացական լրատվամիջոցները, տեղի բնակիչներն սկսել են քարեր շպրտել ՆԳՆ հատուկ նշանակության նոր ժամանած ստորաբաժանումների զինվորների վրա, վերջիններս էլ ռետինե փամփուշտներով կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ և գործի են դրել արցունքաբեր գազ: Կան տուժածներ՝ ինչպես բնակիչների, այնպես էլ ոստիկանների շրջանում:

Հէկ-ը կառուցող ընկերություններն ավելի վաղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, թե կայանի շինարարությունը ոչ մի բնապահպանական սպառնալիք չի պարունակում: Երկու օր առաջ Պանկիսի կիրճ են այցելել վրացական կառավարության մի քանի նախարարներ, որոնք տեղի բնակիչներին խոստացել են ևս մեկ անգամ քննարկել հէկ-ի շինարարության հարցը, սակայն կիրակի առավոտյան բուլդոզերներն սկսել են աշխատել Ալազանի գետի այն հատվածում, որտեղ նախատեսված է հէկ-ի շինարարությունը:

Պանկիսի կիրճում հիմնականում բնակվում են էթնիկ չեչեններ՝ կիստիններ:

Փոխանցում է Interfax-ը: