22.04.2019 12:51

Փաշինյանն ու Սարգսյանը շնորհավորել են Զելենսկուն

Փաշինյանն ու Սարգսյանը շնորհավորել են Զելենսկուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - իր ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Փաշինյանը Զելենսկուն ուղղված շնորհավորական ուղերձը՝ ուկրաիներեն լեզվով տեղադրել է թվիթերի իր էջում:

Զելենսկուն շնորհավորել է նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների», - իր ուղերձում գրել է Սարգսյանն ու Զելենսկուն մաղթել  քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: