22.04.2019 13:56

Պոռոշենկոն խոստացել է մնալ քաղաքականության մեջ

Պոռոշենկոն խոստացել է մնալ քաղաքականության մեջ

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն էքզիթփոլի առաջին արդյունքները հայտարարելուց հետո ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում:

Ելույթ ունենալով Կիևում իր շտաբի մամուլի կենտրոնում ՝ նա հայտարարել է, որ պատրաստ է զանգահարել և շնորհավորել իր մրցակցին՝ Վլադիմիր Զելենսկուն:

«Էքզիթփոլի արդյունքներն ակնհայտ են: Դրանք հիմք են տալիս, որ ես զանգահարեմ իմ ընդդիմախոսին և շնորհավորեմ հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Պոռոշենկոն:

Եվ չնայած ջախջախիչ պարտությանը՝ Պոռոշենկոն մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից:

«Արդեն եկող ամիս ես կլքեմ պետության ղեկավարի պաշտոնը, այդպես է որոշել ուկրաինացիների մեծ մասը, և ես ընդունում եմ այդ որոշումը: Ես կհեռանամ գրասենյակից, բայց ուզում եմ հստակ շեշտել, որ չեմ հեռանում քաղաքականությունից»,- ասել է գործող նախագահը:

Պոռոշենկոն ընդգծել է, որ ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին ուժեղ ընդդիմություն կունենա, սակայն նաև շեշտել է, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել պետության նոր ղեկավարին բոլոր այն որոշումներում, որոնք կբխեն ազգային շահերից:

Փոխանցում է Interfax-ը: