22.04.2019 14:59

Սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրություն կատարել

Սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրություն կատարել

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե նա գնի ռուսաստանյան  C-400 ՀՕՊ համակարգեր, և այդ դեպքում բացառել է նաև  հինգերորդ սերնդի F-35 օդանավերի մատակարարումը:

«Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդի, որ ձեռք է բերելու C-400 հակահրթիռային համակարգը և ավարտին հասցնի դրա գնումն ու տեղադրումը, ապա պատժամիջոցներ կսահմանվեն այն օրինագծի համաձայն, որը ես նախապես ներկայացրել եմ սենատին: Եվ խոսքն այն մասին չէ, որ պատժամիջոցները, հնարավոր է՝ սահմանվեն, դրանք պարտադի՛ր կսահմանվեն: Մենք դա չենք ուզում, և մենք Թուրքիային այլ տարբերակներ ենք առաջարկել: C-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի կառուցվածքի հետ»,- հայտարարել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում:

Մենենդեսը մի քանի օր առաջ Հանրապետական կուսակցությունից սենատոր Մարկո Ռուբիոյի հետ միասին կոնգրեսին է ներկայացրել «Արևելյան Միջերկրականում անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության մասին» օրենքը՝ մի շարք նախաձեռնություններ, որոնք փոխելու են ԱՄՆ ռազմավարությունը՝ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության նպատակով, ներառյալ՝գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերում, Թուրքիայի հարաբերությունների վատթարացում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Վաշինգտոնի բոլոր առանցքային տարածաշրջանային գործընկերների հետ: Օրինագիծը նախատեսում է Կիպրոսին զենք վաճառելու արգելքի չեղարկում: Այն արգելում է Անկարային փոխանցել F-35 օդանավեր, եթե Թուրքիան շարունակի իրականացնել C-400-ի հետ կապված իր պլանները:

Սենատորի խոսքով՝ Անակարան պետք է որոշի՝ ում հետ  լինել: «Թուրքիան պետք է ընտրություն կատարի: Նա կարող է մնալ կարևոր դաշնակից ՆԱՏՕ-ի գծով, շարունակել կողմնորոշումը դեպի արևմուտք, կամ հեռանալ»,- հայտարարել է սենատորը:

Փոխանցում է ria.ru-ն: