23.04.2019 14:31

Պետդումայում առաջարկել են ուկրաինացի նավաստիներին փոխանակել Պոռոշենկոյի հետ

Պետդումայում առաջարկել են ուկրաինացի նավաստիներին փոխանակել Պոռոշենկոյի հետ

Պետդումայի՝ Ղրիմից ընտրված պատգամավոր Միխայիլ Շերեմետը առաջարկել է Ռուսաստանի սահմանները խախտելու համար ձերբակալված ուկրաինացի նավաստիներին փոխանակել Ուկրաինայի նախագահի պաշտոնից հեռացող Պյոտր Պոռոշենկոյի հետ:

«Պոռոշենկոն պատերազմի նախագահ է: Կարծում եմ, որ պարոն Պոռոշենկոյին պետք է պատասխանատվության ենթարկել, իսկ ուկրաինացի նավաստիներին՝ ազատ արձակել: Հենց Պոռոշենկոն պետք է բանտում լինի և  որպես ռազմական հանցագործ՝ իր հանցավոր հրամանների և Կերչի նեղուցում պլանավորած սադրանքի համար պատասխան տա օրենքի ողջ խստությամբ »,- ասել է Շերեմետը РИА Новости-ի հետ զրույցում:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Զելենսկին ճիշտ ճանապարհ կընտրի իր երկրի զարգացման համար, որը հնարավոր է միմիայն Ռուսաստանի հետ փոխշահավետ տնտեսական և եղբայրական հարաբերությունների շրջանակներում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին «թիվ մեկ խնդիր» է անվանել Ռուսաստանում ձերբակալված նավաստիների վերադարձը, ինչպես նաև անհրաժեշտ է համարել «հզոր տեղեկատվական պատերազմը», որի օգնությամբ հույս է հայտնել դադարեցնել հակամարտությունը Դոնբասում:

Փոխանցում է ria.ru-ն: