23.04.2019 17:26

Լիզա Ճաղարյան. Քաջությունն ու քաջնազարությունը հոմանիշ չեն

Լիզա Ճաղարյան. Քաջությունն ու քաջնազարությունը հոմանիշ չեն

Ի՞նչ տեսանք այս մեկ տարում։

Լիքը հետաքրքիր բաներ։ Ամենակարեւորը՝ անպաշտոն Սերժիկ Սարգսյան եւ բանտախցում նստած իր դատավճռին սպասող Քոչարյան Ռոբերտ։

Եվ սրանցից բխող հաճելի ու տհաճ հետեւանքներ։

Հաճելի հետեւանքների մասին բարձրաձայնողներ շատ կլինեն։

Ես ուզում եմ տհաճ հետեւանքների մասին հիշեցնել։

Տեսանք լրագրողների մի հսկա բանակ, որը պատրաստ է հանցագործների վճարած «հոնորարի» դիմաց վաճառել մարդկությանը հայտնի ցանկացած նվիրական արժեք՝ ընդհուպ մեր պետության անկախությունը։

Տեսանք պարտված քաղաքական ուժերի եւ սրանց դուստր-ձեռնարկությունների եղկելի կեցվածքը՝ «նամակ ռուսաց թագավորին» շարքի՝ ցավոք հայերիս քաջածանոթ ստոր ու դավաճանական գործելաոճը։ Այս մարդիկ պատրաստ են Հայաստանը դնել ցանկացած օտարի ոտքերի տակ՝ միայն թե վասալական մակարդակի մի ոսկոր-պաշտոն շպրտեն իրենց։

Տեսանք նույնիսկ Ռուսաստանից հույսը կտրած «միակ տղամարդու» ճղճիմ ամբաստանագիրը՝ ուղղված «միջազգային հանրությանը». նպատակը՝ ամեն գնով փրկել սեփական կաշին, թեկուզ Հայաստանի կործանման ու վարկաբեկման գնով։  

Տեսանք մեկ քաղաքական ուժի գլխավորությամբ ժողովրդի պայքարը հաղթական ավարտին հասցնելուց հետո մի շարք մանրումեծ քաղաքական ուժերի՝ այդ հաղթանակն իրենց վերագրելու ծիծաղելի ու խղճուկ փորձերը։

Հետո տեսանք, թե տառացիորեն օրեր անց՝ այս նույն «հեղափոխական» ուժերն ինչպիսի փրփրակալած կատաղությամբ պայքար սկսեցին մինչեւ ուղնուծուծը բարոյազրկված, կոռուպցիայի ու թալանի ճիրաններում խեղդվող իրականությանը դեմհանդիման հայտնված, երկիշխանության դժվարագույն պայմաններում դեռեւս առաջին քայլերն անող նոր կառավարության դեմ։

«Որ մենք հերոս» անտրամաբանական ու անազնիվ կեցվածք որդեգրած այս պարոններն ու տիկիններն իրո՞ք կարծում էին ու կարծում են, որ մեծ քաջագործություն է նոր իշխանության դեմ նախկին հանցագործների մոլագարության հասնող կատաղությամբ պայքարի ֆոնին՝ իրենց հիստերիկ թշնամության հասնող պահվածքը։

Եթե նախկին թալանչիների հովանու տակ տարիներով իրենց գոյությունը պահպանած ԲՀԿ-ականներին կարելի է հասկանալ, որովհետեւ սրանք շատ բան ունեն կորցնելու՝ սկսած անծայրածիր հարստությունից, ապա խելքից-մտքից դուրս է, թե ինչու «ընդդիմադիր» մարուքյանականներն սկսեցին իրենց պատեպատ զարկել նոր կառավարության ձեւավորումից ժամեր անց։

Սրանք ախր այն նույն «հեղափոխականներից» են, որոնք խոսափող էին ման գալիս՝ հանրությանն ապացուցելու համար, որ առանց իրենց աջակցության իշխանափոխություն տեղի չէր ունենալու։

Ուրեմն, իրենք իրենց ունեցած կամ չունեցած խելքի վրա զարմացած այս մարդիկ ինչու՞ են այն աստիճանի թշնամանքով ու ոխակալությամբ պայքարում նորերի դեմ, որ արդեն ակնհայտորեն դժվարացել է սրանց ու աշոտյանաշարմազանովական կոմսոմոլներին իրարից տարբերելը։

Սրանց իրո՞ք թվում է, որ նոր կառավարության սայթաքումները նկատող, բայց բարեկամաբար զգուշացնողների քաջությունն է պակասում, որ Թուր Կեծակին չեն հանում ու աջուձախ «թրատում»։ Իրո՞ք սրանք չեն հասկանում, որ իրենց պահվածքով ընդամենն ուժեղացնում են փողի իշխանությունը վերակենդանացնել փորձող նախկին հանցագործներին ու թալանչիներին։

Եթե չեն զգում ու չեն հասկանում, ապա քանի՞ լումա արժեն սրանց կուտակած գիտելիքներն ու վարժ հռետորաբանությունը։

Գլուխը քարը, եթե չեն զգում։ Ինչ անում են՝ իրենց են անում։

Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին՝ մեր պետության ապագան կերտելու իրավունքը սեփական ուժերով վաստակելու մեկամյակի առթիվ, իսկ կառավարությանը մաղթում եմ նվազագույն սխալներով առաջ ընթանալու կամք եւ տոկունություն։