25.04.2019 11:33

Տասնյակ ձերբակալվածներ Շրի-Լանկայում

Անցյալ կիրակի Շրի-Լանկայում որոտացած պայթյունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 60 հոգի, ահաբեկություններին առնչություն ունենալու մեջ կասկածվող  ևս 40 մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Մինչդեռ պարզվել է, որ երկրի հետախուզական ծառայությունները նախազգուշացումներ են ստացել նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին, սակայն կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել: Իշխանությունները հայտարարել են, որ դրա վերաբերյալ նույնպես հետաքննություն կտարվի:

«Խոսքը տեղեկությունների փոխանակման հետ կապված լուրջ խնդրին է վերաբերում,- նշել է երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիջևարդենեն:- Ինչ վերաբերում է ղեկավարության վերակազմավորմանը, ապա երեկ նախագահը հայտարարություն արեց հիերարխիայում առաջիկա փոփոխությունների մասին: Բայց թե խոսքը ռազմական գերատեսչությանն է վերաբերում կամ նախարարությանը՝ ավելի ուշ պարզ կլինի»:

Ներկա դրությամբ պարզվել է, որ պայթյուններն իրականացրել են ինը մահապարտներ, որոնց թվում եղել է մի կին: Նրանց մեծ մասի ինքնությունն արդեն պարզվել է. հաղորդվում է, որ դրանք միջին դասի, լավ կրթություն ստացած ներկայացուցիչներ են:

Ահաբեկությունների զոհերի թիվն արդեն հասել է 360-ի, այդ թվում՝ 40-ից ավելին անչափահասներ են:

Փոխանցում է euronews-ը: