26.04.2019 09:29

Մարչելո Լիպի. «Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելու համար մեծագույն խաղացողներ են պետք»

Մարչելո Լիպի. «Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելու համար մեծագույն խաղացողներ են պետք»

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպիի կարծիքով թիմի դուրս մնալը Չեմպիոնների լիգայի խաղարկությունից մեծ անհաջողություն էր։ Լիպին «Յուվեի» վերջին մարզիչն էր, որի հետ թիմը հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Բայց դա տեղի է ունեցել հեռավոր 1996 թվականին։

- «Յուվեն» ինձ տվեց առաջին մեծ և իրական հաղթանակը,- Լիպիին է մեջբերում Rai Radio-ն։- Դրանից մեկ տարի առաջ մենք հաղթել էինք Իտալիայի լիգայի և Գավաթի խաղարկություններում։ Հետո հաղթեցինք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և հաջորդ տարի նվաճեցինք Միջմայրցամաքային գավաթը։

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելու համար պետք են մեծագույն խաղացողներ։ Իմ տղաները հասան այդ հաջողության և հայտնվեցին աշխարհի բարձունքին։

Իսկ հիմա՞։ «Յուվեի» համար Կյելինին նույնքան կարևոր է, որքան Ռոնալդուն, և նա հանդես չեկավ «Այաքսի» հետ խաղում։ Հաղթանակը երբեք հեշտ չի լինում։ Նկատի ունեմ Ալեգրիին։ Շատերը քննադատում են նրան, բայց նրա թիմը միշտ խաղում է հանուն հաղթանակի և գրեթե միշտ հաղթում է։