26.04.2019 13:00

Լա Լիգան դեմ է Գավաթի և Սուպերգավաթի ձևաչափերի փոփոխությանը

Լա Լիգան դեմ է Գավաթի և Սուպերգավաթի ձևաչափերի փոփոխությանը

Իսպանական Լա Լիգան դժգոհ է Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների ձևաչափերի հնարավոր փոփոխություններից։

Լա Լիգայի և Սեգունդայի ակումբների մեծամասնությունը դեմ է քվեարկել գավաթային մրցաշարերի ձևաչափերի փոփոխությանը։ Այս մասին տեղեկանում ենք Cadena COPE-ից։ 

39 ակումբ դեմ է քվեարկել, 2 ակումբ՝ կողմ, 1 ակումբ էլ չի մասնակցել քվեարկությանը։ Լա Լիգայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ հնարավոր փոփոխությունները նախապես չեն քննարկվել իրենց հետ, և այդ փոփոխությունները բացասաբար կազդեն առաջնություններում թիմերի խաղերի ու ժամանակացույցի վրա։

Հիշեցնենք, որ Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) ծրագրում է Սուպերգավաթի խաղարկությունն անցկացնել «Քառյակի եզրափակիչ» ձևաչափով, հունվարին, Իսպանիայից դուրս։ Նախատեսվում էր, որ նմանատիպ առաջին խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։

Ինչ վերաբերվում է Գավաթի խաղարկությանը՝ այստեղ թիմերը մինչև կիսաեզրափակիչ մեկ հանդիպում են անցկացնելու (չեն լինելու պատասխան խաղեր)։ Ընդ որում, այն թիմերը, որոնք կմասնակցեն Սուպերգավաթին, Գավաթի խաղարկությունում իրենց ելույթները կսկսեն ոչ թե առաջին փուլից, այլ 1/16 եզրափակչից։

RFEF-ի գլխավոր ասամբլեան փոփոխությունների հաստատման վերաբերյալ վերջնական որոշումը հրապարակելու է ապրիլի 29-ին։