25.04.2019 18:37

Լիզա Ճաղարյան. Կար այդպիսի խմբագրություն, անունը՝ դրամատիկական

Լիզա Ճաղարյան. Կար այդպիսի խմբագրություն, անունը՝ դրամատիկական

Շատ տարիներ առաջ՝ մինչ Հայաստանի անկախացումը, Հեռուստառադիոպետկոմում մի խմբագրություն էր գործում, անունը՝ դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրություն, որտեղ յոթ-ութ տարի բախտ եմ ունեցել խմբագիր աշխատելու։

Կառլեն Վարժապետյանի, Գրիգոր Չալիկյանի, Հերբերտ Գասպարյանի, Թամարա Բիտյուցկայայի, Ռուբեն Հախվերդյանի, Մոնիկա Տեր-Պողոսյանի, Գաստելլո Գասպարյանի, Աշոտ Համբարձումյանի... շատ-շատերի կողքին։ Թող ինձ ներեն այդ սիրելի մարդիկ, որ բոլորի անունները չեմ կարող թվարկել։

Հասկանալի է՝ պատերազմի ծանր տարիներն էին, եւ այդ խմբագրությունը մի քանի անզոր շարժում արեց, ընդհատ-ընդհատ շնչեց ու մի օր էլ հուսահատ ձեռքը թափ տվեց եւ դադարեցրեց իր գործունեությունը։

Շատ ափսոս էր։ Շատ-շատ։

Ո՛չ միայն այն պատճառով, որ մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ ստեղծագործողներ հայտնվեցին անորոշության պատի առջեւ։ Խնդիրն այն է, որ «դատարկված տեղը» գրավեցին սերիալականները, իսկ այս «նոր ալիքի» պատասխանատուների համար, դատելով սրանց «արտադրանքի» որակով ու մակարդակով, պրոֆեսիոնալիզմը տասներորդական մի բան էր, իսկ նման պահանջ ներկայացնողներն էլ պարզապես չէին զգում «ժամանակի շունչը»։

«Ժամանակի շունչն» էլ, դե՛, թելադրում էր, որ ապրում ենք հանցագործ իշխանության օրոք, եւ բնականաբար՝ առաջնագծում «շնորհքով ու լյաաավ» տղերքն ու աղջկերքն էին, որոնք էլ, առավե՛լ բնականաբար, ամոթ է ու զավեշտալի, որ խոսեն գրագետ հայերեն, եւ հայկական եթերը սելավի նման ողողվեց ցածրամակարդակ գրական հենքով «լցոնված» աղբով՝ հեռուստադիտողի ականջներն այրող ու արժանապատվությունը վիրավորող բառապաշարով։ Եվ ով որ կփորձի պնդել, թե անտաղանդ ու կեղծ հույզերով բտված սցենարի պարագայում հնարավոր է, որ ամենատաղանդավոր դերասանն անգամ արգահատելի չլինի, ուրեմն՝ նման մարդիկ մնացել են «Հացավանի» խրամատներում, ու նրանց հիշողության մատյանում դրոշմված միակ կերպարն էն մեր բազմաչարչար Լեւոն Լամբարյանն է։

Դուք կարող եք այլ օրինակ հիշել, Լամբարյանին զոռով ձեր վզին փաթաթելու միտք չունեմ։

Ինչու՞ հատկապես սեւեռվեցի սցենարի վրա։ Որովհետեւ գաղտնիք չէ՝ եթե գրական հենքը գեղարվեստական արժեք է, հանդիսատեսը կամ հեռուստադիտողը դատարկաձեռն չի մնում, եթե նույնիսկ իր դիտած ներկայացումը կամ ֆիլմը չի արդարացնում իր սպասելիքները։

Հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում հիմնականում բեմադրվում էին տաղանդավոր դրամատուրգների պիեսներ կամ բեմականացվում էին պրոֆեսիոնալ արձակագիրների գործեր։ Ի դեպ, հեռուստաներկայացումները նկարահանվում էին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում, օրվա աշխատաժամերն էլ էին խստորեն սահմանափակված (նման դրամատիկական խմբագրություն կար նաեւ Ռուսաստանում, եւ այնտեղ մեկ ներկայացումը նկարահանվում էր վեց ամսում)։

Գլուխգործոցնե՞ր էին այդ բոլոր հեռուստաներկայացումները։ Ոչ։ Հենց իրենք՝ բեմադրիչներն ու օպերատորները, նկարիչներն ու դերասանները, հանդիսատեսից ավելի լավ էին տեսնում թերությունները, վրիպումները, բայց մի բան հաստատ էր՝ նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում՝ հապշտապ նկարահանված այդ ներկայացումները նայելիս ամոթից գետինը չէիր մտնում, կեսից չէիր անջատում, անպայման մի լավ բան գտնում էիր, կամ՝ լավ պիես, կամ՝ լավ նկարչական ձեւավորում, կամ՝ հոյակապ երաժշտական ձեւավորում, կամ՝ օպերատորական ու ռեժիսորական հիշարժան աշխատանք։ Կամ՝ դերասանների վարպետ կատարում։

Որովհետեւ նպատակի հիմքն էր անեղծ։ Նպատակը չարչիական շահը չէր, նպատակը ստեղծագործելն էր, նպատակը տաղանդավոր գրողի ստեղծագործությունը հասանելի դարձնելն էր, նպատակը հասարակության գրագիտության մակարդակի ու ճաշակի բարձրացումն էր, նպատակը բարձրարժեք Խոսքին կենդանություն հաղորդելն էր։

Ուրեմն, ի՞նչն է խանգարում, որ Հ1-ի այսօրվա ղեկավարությունը մտածի դրամատիկական խմբագրության վերաբացման մասին։

Ես այս հարցի մասին չէի բարձրաձայնի, եթե նախկինները շարունակեին տնօրինել այս ոլորտում։ Բայց հիմա իրոք այլ իրավիճակ է, այլ մթնոլորտ է, կարծես ցանկություն կա դրական փոփոխությունների, ձգտում կա էժանագին շոուներից, կիսագրագետ ու խայտառակ սերիալներից ձերբազատվելու։

Սուտ է, որ վերջին քսան տարիների պարտադրած սանդղակը հանրության պահանջն է։

Հանրությանը գետնաքարշ դարձնողները հենց գետնաքարշներն են։

Դրամատիկական հաղորդումների խմբագրության վերաբացումը դժվար գործ չէ։ Ընդամենը ցանկություն է պետք։