26.04.2019 12:52

Ջո Բայդենը մարտահրավեր է նետում Թրամփին 2020 թ․ նախագահական ընտրություններում

Ջո Բայդենը մարտահրավեր է նետում Թրամփին 2020 թ․ նախագահական ընտրություններում

Ջո Բայդենը, որը երկու ժամկետ եղել է ԱՄՆ փոխնախագահը Բարաք Օբամայի օրոք և ավելի քան 30 տարի՝ սենատոր Դելավեր նահանգից, հայտարարել է 2020 թ․ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին։

«Խաղադրույքին մեր երկրի առանցքային արժեքներն են․․․ մեր դիրքն աշխարհում և հենց մեր ժողովրդավարությունը, այն ամենը, ինչ Ամերիկան Ամերիկա է դարձրել։ Ահա թե ինչու ես այսօր հայտարարում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»․- հայտարարել է Բայդենը իր տեսաուղերձում, որ տեղադրվել է Twitter-ում և YouTube-ում։

Նախկին փոխնախագահը հիշեցրել է 2017 թ․ Շառլոթսվիլլում սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցների երթն ու անկարգությունները, որոնց ժամանակ մի կին էր զոհվել։ Եվ նախագահ Թրամփը հրաժարվել էր միանշանակ դատապարտել ռասիստներին՝ նշելով, թե երթի մասնակիցների շարքերում կային նաև շատ լավ մարդիկ։

«Եթե մենք Թրամփին թույլ տանք ութ տարի անցկացնել Սպիտակ տանը, նա հիմնովին և անդառնալիորեն կփոխի մեր երկրի բնույթը»,- ասում է Ջո Բայդենն իր առաջին պաշտոնական նախընտրական հոլովակում։

Բայդենն իր առաջադրման վերաբերյալ լուրը հրապարակել է նաև իսպաներենով։

ԱՄՆ նախագահական հերթական ընտրությունները կայանալու են 2020 թ․ նոյեմբերի 3-ին։ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Դոնալդ Թրամփը պայքարելու է երկրորդ ժամկետի համար։

Փոխանցում է BBC-ն։