26.04.2019 13:51

Արսեն Գրիգորյան. Ողբերգական Միհրանը

Արսեն Գրիգորյան. Ողբերգական Միհրանը

Մեղք էր Միհրան Պողոսյանը: Դա ի՞նչ կյանք էր՝ կուտակես, կուտակես, հետո «աշխարհաթող» լինես: Փախչես բոլորից, հետո հետ նայես, տեսնես, թե ինչքան մարդ է անհոգ ապրում, չի էլ մտածում մյուսներից թաքուն ապրելու մասին, հետախուզվելու մասին:

Ցանկացած պետական հանցագործի պատիժը այն մեկն է, ով չի գողանում ու չի խաբում: Ցանկացած ազնիվ մարդ պետական հանցագործի դժոխքն է, նրա անհոգությունը իսկական ծծմբե կրակ է: Ինքը փախչելու տեղ է փնտրում, իսկ այն մյուսը՝ չգողացածը, չխաբածը, հանգիստ ապրում է: Դա, իսկապես, կյանք չէ: Պետությունը հասարակական հասկացություն է, Միհրանին պետք չէր մոտ թողնել այդ հասկացությանը, նա իրենից այն կողմ ոչինչ չէր տեսնում: Միհրանի կործանման համար էլ պիտի պատասխան տվողներ գտնվեն:

Ազնիվ հոգի չէր, բայց, փաստորեն, կործանվողի չկանխատեսված պոտենցիալ ուներ: Նրան բտեցին անբարոյականությամբ ու բաց թողեցին հասարակության վրա: Այդպիսին էր պետական կառավարման ամբողջ համակարգը: Բոլորը Միհրան էին: Եվ հիմա այդ մարդը պետք է պատասխան տա: Բանտում պիտի Աստվածաշունչ կարդա, յոգայով զբաղվի, որոնց մասին չէր մտածել ազատության մեջ, որովհետեւ ձեռքերն ու մտքերն զբաղված էին թալանելով, կեղեքելով: Նա բարոյականության եւ ինքնամաքրման ժամանակ չուներ: Նա կանգ առնելու առիթ ու տեղ չուներ: Ներքին արգելակներ չուներ, մինչեւ հետախուզում չհայտարարեցին: Իսկապես, ո՞վ պետք է պատասխան տա այս մարդու համար: Ո՞վ պետք է պատասխան տա, որ այս մարդը սրբություն չուներ, մինչդեռ ԱԱԾ աշխատակից է եղել, ԴԱՀԿ պետ է եղել, արդարադատության գեներալ էր: Ժամանակին իր գովքն անողների էր հավաքագրում: Հիմա պիտի ողբացողների հավաքագրի, ինչպես դա այսօր անում է Ռոբերտ Քոչարյանը:

Միհրանն ինչ-որ կետում պիտի բացահայտի, որ մարդ է, գուցե նառերի վրա, գուցե հարազատների հետ մեկժամանոց տեսակցության պահին: Այս մարդու բոլոր նվաճումներն առջեւում են, եթե մենք դառնանք մեր երազանքների պետությունը: Այս մարդը պետք է ամբողջ օրգանիզմով առերեսվի վենդետայի բացակայությանը, պիտի տեսնի մի արդարադատություն, որն ինքն ու իր հայրերը թաղել էին հրապարակային ու բազմիցս:

Ի՞նչն է նկատի ունեցել այդ անողորմ հոգին, որ ռուսներից քաղաքական ապաստան է խնդրել: Մտածել է, որ ռուսները չե՞ն արտահանձնի իրեն: Ասենք թե՝ չարտահանձնեցին: Նրա ուզածն ի՞նչ է՝ մի տեղ հանգիստ ապրել ու սուսուփուս մեռնե՞լ: Դա իմաստ կունենար սոսկ պաշտոնաթող լինելու դեպքում: Բայց դու միայն պաշտոնաթող չես, դու հետապնդվում ես քրեական մի շարք հոդվածներով: Նշանակում է՝ քեզ համար գրվում է մի կենսագրություն, որը բացառում է ինքնակենսագրությունը: Կա՞ ուրիշ ողբերգություն, երբ կենսագրությունդ ինքնակենսագրություն լինելու ոչ մի տարբերակ չունի: Երբ ինքդ քո ձեռքով չես կարող գրել, թե ով ես եղել, եւ ով ես հիմա, քո փոխարեն դա անում են քննիչները եւ անում են ամենատհաճ մանրամասներով: Դու միայն այդ մանրամասներին առերեսվողն ես, ինչպես նաեւ՝  մնացած կյանքում այդ մանրամասները իմաստավորել փորձողը, որը ոչինչ ուղղել չի կարող: