26.04.2019 16:00

Սուդանի նախկին նախագահի առողջական վիճակը սրընթաց վատթարանում է

Սուդանի նախկին նախագահի առողջական վիճակը սրընթաց վատթարանում է

Սուդանի բանակի կողմից տապալված նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի առողջական վիճակը սրընթաց վատթարանում է, տեղեկացրել է Akhir Lahza թերթը։

Պարբերականի տվյալներով՝ 75-ամյա քաղաքական գործիչը, որ ներկայումս պահվում է Խարթումի կենտրոնական բանտում, տառապում է մի քանի հիվանդություններից։ «Նրան մշտապես հսկում է բժիշկների բրիգադը՝ թերապևտ, սրտաբան, նյարդաբան, ռևմատոլոգ,- գրում է թերթը։- Բանտի պայմանները թույլ չեն տալիս անհրաժեշտ կերպով հետևել ալ-Բաշիրի առողջական վիճակին և բուժել սրված քրոնիկ հիվանդությունները»։

Ավելի վաղ լուր էր ստացվել, որ նախկին նախագահը բանտում հացադուլ է հայտարարել, և նրան ներերակային սնուցում են տալիս։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Sky News Arabiya հեռուստաալիքը, երկար տարիներ ալ-Բաշիրի նախագահությամբ գործող՝ Սուդանի նախկին իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ակտիվները անցնում են 31 մլրդ դոլարից։ Դրանց մեջ են մտնում՝ ավելի քան երեք հազար ընկերություններ ու հիմնարկներ, հինգ հազար թանկարժեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ «լյուքս» դասի 40 ամենագնացներ, տարբեր ներդրումային հիմնադրամներ, 1,5 հազար շենք, այդ թվում՝ Խարթումում կուսկացության կենտրոնակայանը, որի շինարարության համար հատկացվել է 50 մլն դոլար։ Հեռուստաալիքը նշում է, որ «ակտիվներից շատերն առեղծվածային կերպով անհետացել են»։

Փոխանցում է newsru.com-ը։