29.04.2019 17:49

Լիզա Ճաղարյան. «Ընդդիմադիր գործիչ» Քոչարյանը եվրոպական «պոլիտբյուրոյի» հույսին է մնացել

Լիզա Ճաղարյան. «Ընդդիմադիր գործիչ» Քոչարյանը եվրոպական «պոլիտբյուրոյի» հույսին է մնացել

Մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ ընդամենը մի քանի փոքրիկ հատված էի աչքի պոչով կարդացել Քոչարյան Ռոբերտի EurActiv կայքում հրապարակված, այսպես կոչված, հոդվածից։

Այսօր կարդացի ծայրեծայր։

Ի՜նչ էի կորցրել։ Բա կարելի՞ էր այսչափ լպիրշությամբ փայլատակող ամբաստանագիրն աչքաթող անել։ Այստեղ կա բոլորին ապշեցնող այն հարցերի պատասխանները, թե ոնց պատահեց, որ իշխանությունը կորցրած ՀՀԿ-ականներն ու սրանց մանկլավիկները մի գիշերվա ընթացքում լկտիացան «ծովից ծով», ո՛նց պատահեց, որ երկար տարիներ ձգվող բեսպրեդելի հեղինակներն օրենքի պահանջատեր դարձան, որ մարդասպանները մարդու իրավունքների պաշտպան դարձան, որ գողերն սկսեցին բղավել՝ գողանում են, հասե՜ք, որ մեր երկիրը թշվառության ու նսեմության սահմանագծին հասցնողները «Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են» հուզաթաթախ հայրենասիրության դրոշակակիր դարձան, եւ առհասարակ՝ հանցագործները մեղադրողներ դարձան, իսկ այդ անթիվ-անհամար հանցագործություններից տուժածները՝ պաշտպանվող։

Որովհետեւ բարիկադի մի կողմում, թեկուզ սայթաքելով ու վրիպելով, բայց պայքարում են որոշակի արժեքների կրողներ, իսկ բարիկադի հակառակ կողմում «արժեք» ասվածն այն նույն շահն է՝ հանուն որի տարիներ շարունակ սրանք՝ յոթ ճանապարհների ավազակների պես կեղեքել են Հայաստանն ու հայաստանցիներին։ Իսկ նման իրավիճակում արժեք կրողը նաեւ արժեքի պահապան է, իսկ շահամոլն առանց վարանելու կկոխկռճի ցանկացած արժեք՝ հանուն իր ամենաստորագույն շահի։

Ու միամիտ չլինեք՝ անհնար բան է, որ սրանցից գեթ մեկը՝ իր տերերի աչքից հեռու, ամոթից գլուխը պատին խփի կամ կարմրի հերթական ստորագույն կեղծիքը թառանչելիս։ Սրանց պարագլուխ գլխավոր ամբաստանյալն այնպիսի բարձունքներ է նվաճել անազնվության ու նենգության ասպարեզում, որ սրա բոլոր վարձկանները միասին վերցրած՝ չեն կարող նրա հետ մրցել։

Քոչարյանի ամբաստանագրի ընդամենն այս հատվածը բավարար է՝ սահմռկելու համար, թե մինչեւ ուր է հասնում այս մարդու կույր մեծամտությունն ու անսահմանության ձգտող ստախոսությունը. «Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության եւ տնտեսության հարցում։ Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երեւանի փողոցներում դաժան բախումների»։

Ուշադի՞ր կարդացիք։ Սա գրում է մի մարդ, որի իշխանության տարիներին «հայերին մտահոգող իրական խնդիրները» ծառայեցվեցին մի քանի տասնյակ թալանչիների միլիարդատեր դարձնելուն, եւ այս ցուցակը գլխավորում էր հենց այս նույն «մարտահրավեր նետողի» ընտանիքը։ Սա գրում է մի մարդ, որի համար Հայաստանի Սահմանադրությունը ոտնահարելն այնքան սովորական ու առօրեական խնդիր էր, որ նույնիսկ նեղություն չէր քաշում թաքցնել, որ Սահմանադրությունը հենց ինքն է, որ կա։ Սա ասում է մի մարդ, որի օրոք քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ էին սպանվում ու ինքնասպանվում իրենց աշխատասենյակներում, սեփական տների շքամուտքերի առաջ, օրը ցերեկով՝ փողոցներում։ Հենց սրա օրոք պարզվեց, որ երկու կրակոցով ինքնասպանվողներ էլ են լինում, եւ որ «պրիվետռոբ» ասելու համար կարելի է մարդուն գազանաբար սպանել, մարդասպանները բոլորի աչքի առաջ լինեն, եւ դրանցից ոչ ոք ո՛չ միայն չազատազրկվի, այլեւ դատավորը նույնիսկ չհամարձակվի ասել, որ ամբաստանյալի համար դատարանում հատուկ տեղ կա նախանշված, եւ հենց այդտեղ էլ պարտավոր է նստել «միակ ամբաստանյալ» Կուկուն։ Սա այն մարդն է, որ Լինսի հիմնադրամով Հայաստանի փողոցներն այնքա՛ն «ազնվորեն» ասֆալտապատեց, որ դրանից հետո Քըրք Քըրքորյանն այլեւս Հայաստանի կողմը չնայեց, Լինսի հիմնադրամն էլ քոռուփոշման անհետացավ մեր երկրից։ Սա այն մարդն է, որը շատ զարմացավ, թե ինչու են Հայաստանում այդքան ծանր տանում Մեղրին ադրբեջանցիներին նվիրելու տարբերակի քննարկումը, դրանով իսկ խոստովանելով, որ ինքը Հայաստանի հետ նույնքան հոգեւոր կապ ունի, որքան՝ իր սեղանին նման առաջարկ դնողները։ Սա ազգային անվտանգության խնդիրները լուծող այն մարդն է, որի աչքի առաջ մի քանի «նարկոման ռոմանտիկ» ներխուժեցին Ազգային ժողով ու գնդակահարեցին հենց այն պետական այրերին, որոնք խոչընդոտում էին այս «հալածյալի»՝ անգլիական թագուհու  կարգավիճակի կապանքներից դուրս պրծնելու ջանքերին։ Սա այն մարդն է, որ Երեւանի կենտրոնն արյան ծով դարձրեց, բանտերը խաղաղ ու խոշտանգված ցուցարարներ լցրեց, որ իր հետ միասին «պետական կառավարման, ազգային անվտանգության եւ տնտեսության» հարցերը լուծող Սարգսյան Սերժիկին նստեցնի Հայաստանի գլխին, որ իր կիսատ թողած չարագործությունները շարունակի։ Հաշվարկների մեջ մի քիչ սխալվեց պարոն ամբաստանյալը։ Հույս ուներ, որ իր դրածոն իր նման ուտող-ուրացող չի լինի եւ ճանապարհ կհարթի իր վերադարձի համար։ Չստացվեց։ Սարգսյան Սերժիկն իրենից պակաս ուտող-ուրացող չէր, համին էր ընկել՝ ու փորձեց ցմահ իշխելու ծրագիրն իրականացնել։

Բախտները չբերեց։ Մնացածը գիտենք։

Եվ ոչինչ, որ մեջբերված հատվածում ստի ու կեղծիքի ճարտարապետ ամբաստանյալը Նիկոլ Փաշինյանին 2008-ի մեր պայքարի «պարագլուխ» է կարգում, բա ի՞նչ ամբաստանագիր, եթե դրանից եղկելի ստերի գարշահոտ չփչի։

Եվ ի՞նչ զարմանալի բան կա, որ ժամանակին իր գործած ապօրինությունների ու հանցանքների համար Եվրոպայի համապատասխան կազմակերպությունների հասցեին քամահրանքով «պոլիտբյուրո հո չի՞» ասող այս «ընդդիմադիր գործիչը»՝ Ռուսաստանին իր «քիմիական սիրով» հմայելու անհաջող փորձերից հետո, հիմա էլ եվրոպաների դռներն է բախում։

Դե՛, ինչու՞ չես բացում դուռը, Եվրո՛պա, մի տես՝ ո՛վ է եկել։