30.04.2019 13:29

Արսեն Գրիգորյան. Անխղճաբար մարդ եղեք Քոչարյանի հանդեպ

Արսեն Գրիգորյան. Անխղճաբար մարդ եղեք Քոչարյանի հանդեպ

Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակի վրա արգելանք է դրված եղել: ՄԻՊ Արման Թաթոյանի պահանջով այդ արգելանքը հանվել է: Գուցե Քոչարյանի ընտանիքի համար սա սկզբունքի հարց է՝ մեր թոշակն է, պիտի ստանանք: Թող լինի նրա իրավունքը:

Ես էլ եմ կարծում, որ նա ունի կենսաթոշակի իրավունք: Անկախ նրանից՝ ինչքան է թալանել, որովհետեւ էդ թալանվածը վերցնելու են իրենից, իսկ կենսաթոշակը մնալու է: Արդյո՞ք օրենքի տառը պահպանելու մղումն է Ռոբերտ Քոչարյանին ստիպել այդքան կարեւորել թոշակը, որի վրա արգելանք է դրված: Նրան դժվար է հասկանալ: Թոշակ՝ նշանակում է իրականում ուրիշ ոչ մի գումարի հույս չունի: Արժե՞ հավատալ: Ափսոս, որ օրենքի դաշտում հավատով հարցեր չեն լուծվում: Գուցե այս մարդը, հասանելիք թոշակ պահանջելով՝ ուզում է ասել, որ կյանքում գումար աշխատելու ոչ մի այլ ճանապարհ չի ունեցել: Սա նման է իրեն: Ինքը ուզում է ասել, որ թոշակի կարիքը վկայում է նրա ազնվագույն էությունը:

Ինչպե՞ս վարվել: Դե պարզ է՝ ինչպես վարվել. պետությունը ցույց տվեց, որ օրենքը նրան չի արգելում թոշակ ստանալ եւ չի էլ խանգարի, որ ստանա: Եվ ի՞նչ: Հիմա էդ կենսաթոշակով խանո՞ւթ է գնալու, խնայելո՞ւ է, կաշառելո՞ւ է մեկուսարանի պատասխանատուներին: Դա պատկերացնել է պետք: Եվ ինչո՞ւ է ՄԻՊ-ը պատմություն սարքել դրանից: Ի՞նչ է ուզում ասել՝ որ երկրում օրենք չկա՞։ Որ Քոչարյանի իրավունքները պաշտպանված չե՞ն։  

Գնացեք եւ այդ ամենը հասկացրեք մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնք 10 տարվա ընթացքում այդպես էլ փոխհատուցում չստացան։ Գնացեք եւ այդ ամենը բացատրեք քաղաքական բանտարկյալներին, որոնք ամիսներ եւ տարիներ էին անցկացնում բանտերում իրենց քաղաքական հայացքների համար։ ՄԻՊ-ը պետք է նաեւ նրանցով զբաղվեր։ Ինքը ՄԻՊ էր դեռ մինչեւ Քոչարյանի կալանավորվելը եւ թոշակի վրա արգելանք դնելը։ Քոչարյանն էլ գիտի, որ ինքը թոշակով չի ապրում։ Մարդը սկզբունքի խնդիր ունի՝ իմ թոշակն է, պիտի տաք։ Լավ, համաձայն եմ, բայց դա միայն վատացնում է նրա վիճակը։ Մենք ընդհանրապես դադարում ենք հասկանալ, որ մարդու հետ գործ ունենք։ Դու 10 տարի հետեւել ես, թե ինչպես է քարուքանդ լինում մարդու հոգին իր որդուն կորցնելու հետեւանքով, տեսնում ես քեզնից ավելի տարիքով մարդկանց վիշտը, որոնց չվիճակվեց թոռնիկ ունենալ, որովհետեւ որդիները սպանվեցին, ու դու հիմա սկզբունքայի՞ն ես խաղում։

Հուսով եմ, որ այդ մարդու թոշակն իսկապես վերականգնվել է։ Հուսով եմ, որ այդ մարդն անձամբ իր ձեռքը կբռնի այդ թոշակը եւ նույնիսկ հնարավորություն կունենա ծախսելու։ Մարդ եղեք նրա հանդեպ, որքան հնարավոր է՝անխղճաբար մարդ եղեք։ Թող իր աչքով տեսնի։ Թող հասկանա, որ իր վիճակում քաղաքականության մասին մոռանալ է պետք, հիմա ընդամենը պետք է մարդ լինել։ Թող մեկուսարանում հասկանա, թե վերջին 20 տարում մարդկանց ու առյուծների հետեւից ընկնելով՝ինչքան պարզ արժեքներ է աչքաթող արել։ Թող սովորի մոռանալ թոշակը։