24.09.2012 19:06

ԱՄՆ պետդեպարտամենտը զայրացել է

Լիբիայում զոհված ամերիկյան դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի ընտանիքը խնդրել է ԱՄՆ պետդեպարտամենտին միջամտել հանգուցյալի անձնական օրագրից արված հրապարակումների պատմությանը: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Սթիվենսի հարազատները դեմ են արտահայտվել այդ հարապարակումներին:

 Հրապարակումների հիման վրա ռեպորտաժներն արել է CNN հեռուստաալիքը, որի տրամադրության տակ են հայտնվել հանգուցյալ դեսպանի ձեռագիր գրառումները:  Պետդեպի ղեկավարությունն այդ արարքը որակել է «գարշելի» և CNN-ի պատմության ամոթալի էջ:

CNN-ը պարզաբանել է, որ օրագիրը գտել են հյուպատոսարանում, հատակին ընկած, որտեղ և կատարվել է դեսպանի սպանությունը, և այդ մասին հայտնել են դեսպանի ընտանիքին: Սթիվենսի ընտանիքը խնդրել է իրենց հանձնել օրագիրը և չհրապարակել դեսպանի գրառումները: Սակայն հետուստաալիքի լրագրողները հետագայում որոշել են, որ Սթիվենսի օրագրում կան այնպիսի տեղեկություններ, որոնք անպայման պետք է հրապարակվեն: Լիբիայից արված հեռուստառեպորտաժում լրագրողը պատմել է, թե Սթիվենսին անհանգստացնում էր Բենգազիում անվտանգության մակարդակը, ու նա համոզված էր, որ ինքն ընդգրկված է Ալ-Քաիդայի կազմած «գնդակահարվողների ցուցակում»: Ռեպորտաժը պատրաստած լրագրողը հղում է արել ինչ-որ աղբյուրի, մինչդեռ Սթիվենսի հարազատները համոզված են, որ այդ տեղեկությունը նա վերցրել է դեսպանի օրագրից:  Սթիվենսի՝ անվտանգության հետ կապված այս մտահոգությունն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի Կոնգրեսը խիստ քննադատության ենթարկի Բարաք Օբամայի վարչակազմին՝ այն բանի համար, որ  Բենգազիում ամերիկյան դիվանագետներն ապահովված չեն եղել անհրաժեշտ պաշտպանությամբ: Թերևս հենց  այդ քննադատությունն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի պետդեպարտամենտն իր զայրույթը թափի CNN-ի գլխին: