02.05.2019 14:39

Վենեսուելա. Առանց դեղորայքի, լույսի ու գազի

Վենեսուելա. Առանց դեղորայքի, լույսի ու գազի

Վենեսուելայում շարունակվում են ընդհարումները ոստիկանության և ցուցարարների միջև:

Նոր բախումների արդյունքում երկու մարդ է զոհվել, զոհերից մեկը կին է: Տուժել է առնվազն 130 մարդ: Իրավապահները ցուցարարներին ցրելու համար գործի են դնում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների վրա Մոլոտովի կոկտեյլներ են շպրտում:

«Մենք արդեն հոգնել ենք: Ոչինչ գնել չենք կարող, ուտելիք չունենք: Այստեղ ոչինչ հնարավոր չի անել: Դեղորայք չկա, լույս չկա, գազ չկա: Ոչ մի բան չկա»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմնակիցները հայտարարել են, որ ուզում են միջազգային հանրության ուշադրությունը սևեռել երկրում կատարվող իրադարձությունների վրա:

«Փողոց դուրս գալուց բացի՝ մենք այլ ելք չենք տեսնում: Հարկավոր է պատասխանատվություն  և հանգստություն դրսևորել, բայց մնալ անդրդվելի: Միայն այդպես կարող ենք աշխարհին ցույց տալ, որ ժողովուրդը հոգնել է Նիկոլաս Մադուրոյի բռնապետությունից»:

Գուայդոն պնդում է, որ իշխանություններն արդեն կորցրել են երկրի վերահսկողությունը: Նրա խոսքով՝ բողոքի ցույցի են դուրս եկել միլիոնավոր վենեսուելացիներ:

«Մենք պոտք է զինվորականներին խնդրենք, որ բոլորը միասին հայտարարեն, որ մեր կողմում են: Այստեղ եղբայրների միջև որևէ բախում չկա: Ընդհակառակը, նրանք պետք է միանան ժողովրդին»:

Երեքշաբթի Խուան Գուայդոն հայտարարել էր, թե բանակն անցել է իր կողմը, և Մադուրոյի հակառակորդներին կոչ էր արել դուրս գալ փողոց: Կառավարական Foro Penal կազմակերպության տվյալներով՝ երկու օրվա ընթացքում ձերբակալվել է առնվազն 170 ցուցարար:

Փոխանցում է euronews-ը: