02.05.2019 15:43

Լիզա Ճաղարյան. «Քիմիական սեր» սերիալի պերճանքն ու թշվառությունը

Լիզա Ճաղարյան. «Քիմիական սեր» սերիալի պերճանքն ու թշվառությունը

Վաղուց ի վեր հայտնի է, որ փաստաբան Ռուբեն Սահակյանը սրտացավ եւ շատ զգացմունքային մարդ է։ Ինքս նրա սրտացավությունը եւ բուռն զգացմունքայնությունը նկատել եմ դեռեւս Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների դատավարության ժամանակ։ Փաստաբան Ռուբեն Սահակյանն այն ժամանակ էլ նույն խանդավառությամբ պաշտպանում էր «ռոմանտիկ նարկոմանների» շահերը։

Թյուրըմբռնումից խուսափելու համար ընդգծեմ, որ ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք սուր են ճոճում այն փաստաբանների դեմ միայն այն պատճառով, որ նրանք հանձն են առել դատարանում պաշտպանել իրենց ատելի մարդկանց շահերը։ Նույնիսկ «բերանն արնոտ մարդասպանն էն անբան» իրավունք ունի ակնկալելու փաստաբանական աջակցության։

Խնդրի արմատն այլ տեղ պետք է փնտրել։ Ինչու՞ են մեր փաստաբաններից ոմանք հանրության որոշակի հատվածի թիրախ դառնում։ Որովհետեւ, ըստ իս, այս մարդիկ, օրենքն ու փաստերը ստորադասելով, երբեմն անցնում են իրենց իրավասության սահմանը՝ հանրության քթի տակ ճոճելով իրենց «քիմիական սերը» տվյալ պաշտպանյալի նկատմամբ։ Մեկն աղմկում է, որ ինքը վաղուց է ճանաչում իր պաշտպանյալին, եւ իր պաշտպանյալն ուղղակիորեն «ջիգյարի կտոր» է, մյուսը պատմում է, թե ժամանակին ինչ հուզաթաթախ զրույց է ունեցել իր պաշտպանյալի հետ, երրորդն էլ, ահա, շատ սրտացավ եւ շատ նյարդային (հո չե՞ք հերքի) Ռուբեն Սահակյանն է, որ գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն բացահայտմանը, ըստ որի՝ օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին, շատ հատու եւ խրոխտ հայտարարում է. «Ըստ գործի նյութերի, այո՛, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»։

Այդքան բան։ Դե գնացեք ու պայթեք, այ էդպես։ Բա՛։

Իսկ թե ինչու են մեկ էլ հանկարծ այս օլիգարխները որոշել փող բաժանել զինվորականներին, գնացեք էդ օլիգարխներին հարցրեք։ Փաստաբան Ռուբեն Սահակյանի եւ ամբաստանյալ Քոչարյանի մնացյալ փաստաբանների խնդիրն է ապացուցել, որ այդ ժամանակահատվածի ՀՀ նախագահ Քոչարյան Ռոբերտը, նույն ինքը՝ գերագույն հրամանատարը, նույն ինքը՝ ՀՀ Սահմանադրության երաշխավորը ոչ մի առնչություն չի ունեցել ո՛չ ոստիկանության վայրի գործողությունների, ո՛չ Հայաստանի մայրաքաղաք «հաղթական մուտք» գործած բանակի, ո՛չ օլիգարխների՝ զինվորականների նկատմամբ անսպասելի սիրո բռնկման, ո՛չ տասը զոհերի, ոչ էլ հարյուրավոր խոշտանգված քաղբանտարկյալների հետ։

Այդքան բան։ Ավելորդ հարցերով այլեւս պարոն Սահակյանին զահլան չտանեք, ինքը նեՌՌՌվային մարդ է։

Ներողություն, իհարկե, պարոն Սահակյան, իսկ կասե՞ք, թե առհասարակ ինչ կապ է ունեցել մեր պետության հետ Հայաստանի նախագահի աթոռին բազմած ձեր պաշտպանյալը։ Հոկտեմբերի 27-ին «թրաշված» չէր, Մարտի 1-ին մուշ-մուշ քնած էր, չլինի՞ այդ մարդը թրաշվում ու արթնանում էր միայն փողի հոտը զգալուց։ Թե՞ սրտացավ ու շատ զգացմունքային պարոն փաստաբանը մտադիր է դատարանում ապացուցել նաեւ, որ Քոչարյան Ռոբերտը համեստորեն ապրում էր նախագահական աշխատավարձով, իսկ հետագայում էլ՝ թոշակով, եւ սրա ու սրա ընտանիքի աֆրիկյան արկածների եւ արտասահմանյան փադիշահական շրջագայությունների ծախսն էլ նրա սիրատոչոր քեռու կամ քեռու աղջկա առատաձեռնության «ծանր հետեւանքներն» էին։

Եվ առհասարակ՝ էսպես որ գնա, հարգարժան պարոն փաստաբաններ, ձեր իսկ ձեռքերով Քոչարյան Ռոբերտի վրա նոր գործ եք սարքելու, որի հիմքում լինելու է հանցագործ անփութությունը։

Ձեր սրտացավ զգացմունքայնության սանձերը մի քիչ ձգեք, պարոն Սահակյան եւ մյուսներ։

Այդքան բան։