03.05.2019 12:50

Ասանժն առայժմ «կնստի» Մեծ Բրիտանիայում

Ասանժն առայժմ «կնստի» Մեծ Բրիտանիայում

Լոնդոնում կայացել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով առաջին դատական լսումները: Անմիջապես որոշում է կայացվել, որ արտահանձնումը տեղի  չի ունենա, առնվազն՝ այնքան ժամանակ, քանի դեռ ավստրալացին 50-շաբաթյա կալանքը չի կրել Մեծ Բրիտանիայում: Չորեքշաբթի Ասանժին այդ պատժաչափին էին դատապարտել, քանի որ նա յոթ տարի առաջ խախտել էր գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները և ապաստանել էր Էկվադորի դեսպանատանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 30-ին: Ընդ որում՝ մինչև հունիսի 12-ը ամերիկյան կողմը պետք է Լոնդոնին փոխանցի մեղադրանքների վերջնական ձևակերպումները, որոնց հիման վրա ԱՄՆ-ը պահանջում է արտահանձնել Ասանժին:

ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են կառավարական տվյալներ ձեռք բերելու նպատակով հանցավոր դավադրության մեջ: Ավստրալացու պաշտպանությունը մտավախություն ունի, որ արտահանձնման դեպքում նրան սպառնում է մինչև 35 տարի ազատազրկում կամ նույնիսկ մահապատիժ:

Փոխանցում է euronews-ը: