03.05.2019 13:40

Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր թիկնապահուհու հետ և նրան թագուհի է հռչակել

Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր թիկնապահուհու հետ և նրան թագուհի է հռչակել

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը (Ռամա X) մայիսի 1-ին հայտարարել է   ամուսնությունը իր անձնական անվտանգության ծառայության պետի տեղակալ Սութհիդա Թիջայի հետ և նրան թագուհու տիտղոս է շնորհել:

Վերջին տարիներին թագավորը Սութհիդա Թիջայի հետ հաճախ էր հայտնվում հանրության առջև, սակայն նրանց հարաբերությունները պաշտոնապես հայտարարված չէին: Թագավորի նախորդ ամուսնության մասին հայտարարվել էր միայն հարսանիքից չորս տարի անց, երբ ծնվել էր ժառանգը:

Արքայի ընտրյալը գեներալի զինվորական կոչում ունի, փոխանցում է ТАСС-ը:

Սա 66-ամյա միապետի չորրորդ ամուսնությունն է: Նախորդ ամուսնություններից թագավորը յոթ զավակ ունի:

Ռամա X-ի թագադրումը կայանալու է մայիսի 4-6-ը: Ըստ էության՝ նա երկիրը ղեկավարում է 2016 թ. վերջից: Միապետի՝ գահ բարձրանալուց հետո պաշտոնական թագադրման տոնակատարությունը ազգային ավանդույթի բաղադրիչ է: Ներկայիս թագավորի հայրը նույնպես թագադրվել է իշխանության գալուց չորս տարի անց:

Փոխանցում է BBC-ն: