07.05.2019 12:39

Շերեմետևոյում ավիաաղետի հնարավոր պատճառները

Շերեմետևոյում ավիաաղետի հնարավոր պատճառները

Մայիսի 5-ի երեկոյան Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Մոսկվա-Մուրմանսկ երթուղով: Կոշտ վայրէջքից հետո ինքնաթիռի պոչամասում հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում զոհվել էր օդանավում գտնվող 78 մարդուց 41-ը: Զոհվածների ինքնությունը պարզելու համար, ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդման, գենետիկ փորձաքննություններ պետք է անցկացվեն:

Քննչական կոմիտեն  նաև տեղեկացրել է, որ քննում է ավիաաղետի երեք վարկած՝ օդաչուների, կարգավարների և ինքնաթիռի տեխզննումն իրականացնող աշխատակիցների  ոչ բավարար որակավորում, օդանավի անսարքություն և անբարենպաստ եղանակային պայմաններ:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կարծիքով՝ հիմքեր չկան կասեցնելու Sukhoi Superjet 100 օդանավերի թռիչքները: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով թռիչքների կասեցման հավանականության մասին հարցին, ասել է, որ «դա մասնագետների խնդիրն է, առայժմ նման որոշում չի կայացվել, հարկավոր է սպասել, մինչև պարզվեն աղետի պատճառները»:

Փոխանցում է BBC-ն: