07.05.2019 13:13

Թուրքիա՝ բռնապետությո՞ւն, թե՞ օրենքի պաշտպանություն

Թուրքիա՝ բռնապետությո՞ւն, թե՞ օրենքի պաշտպանություն

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, որի թեկնածուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, քննադատել է ԿԸՀ որոշումը՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Ժողովրդահանրապետական կուսակցությունը դա անվանել է բռնապետության ցուցիչ: «Այն քաղաքական համակարգը, որն արհամարհում է ժողովրդի կամքը և օրենքները, ժողովրդավարական չէ և օրինակարգ չէ»,- Twitter-ի իր էջում գրառել է կուսակցության ղեկավարի տեղակալը: Ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն, իր հերթին, ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր զինակիցները մտադիր չեն նահանջելու: «Համաքաղաքացինե՛ր, նրանք փորձում են չեղարկել այն ընտրությունների արդյունքները, որտեղ մենք հաղթել ենք մարտի 31-ին: Նրանք փորձում են գողանալ այն աշխատանքի արդյունքները, որում այդքան ջանքեր են դրվել»:

Իշխող կուսակցության թեկնածուն՝ նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը, որը պարտվել է ընտրություններում, հայտարարել է, թե քվեարկության ընթացքում լուրջ խախտումներ են եղել: «Ինչու ենք դիմել ընտրական հանձնաժողո՞վ: Խախտումների, խարդախությունների և այլ խայտառակ բաների պատճառով, որոնք մենք հայտնաբերել ենք քվերակության ընթացքում և դրանից հետո»:

Թուրքիայի ԿԸՀ որոշումը քննադատել են Եվրամիությունում: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ քվեարկության արդյունքների չեղարկումը և կրկնակի ընտրությունների անցկացումը հակասում են ժողովրդավարական ընտրական գործընթացի գաղափարին:

Փոխանցում է euronews-ը: