07.05.2019 13:48

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանին ազատելու խնդրանքով դիմել են գլխավոր դատախազին

Բակո Սահակյանն  ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանին ազատելու խնդրանքով դիմել են գլխավոր դատախազին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

«Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության եւ բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։   

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին»,- գրել են Սահակյանն ու Ղուկասյանը։

Նրանք նշել են նաեւ, որ իրենք պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի Քոչարյանին՝ մեկուսարանից ազատ արձակվելու եւ կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Ղուկասյանն ու Սահակյանը հույս են հայտնել, որ Քոչարյանը իրենց հետ ներկա կլինի Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվելիք մայիսի 9-ի տոնակատարություններին: