07.05.2019 14:00

France Telecom-ի նախկին ղեկավարը՝ դատարանի առջև

France Telecom-ի նախկին ղեկավարը՝ դատարանի առջև

Ֆրանսիական France Telecom հեռահաղորդակցային ընկերության նախկին ղեկավարը ու ևս վեց նախկին մենեջերներ Փարիզում կանգնել են դատարանի առջև՝ աշխատակիցներին հալածանքների ենթարկելու մեղադրանքով, ինչի հետևանքով, ըստ դատախազության՝ նրանցից շատերը ինքնասպանություն են գործել:

France Telecom-ում 2008-2009-ական թթ. ինքնասպանությունների ալիքը ցնցել էր հասարակությանը և հարցեր բարձրացրել հեռահաղորդակցական հսկա կառույցում կորպորատիվ մշակույթի կապակցությամբ:

Սա Ֆրանսիայում առաջին նմանատիպ դատավարությունն է, որտեղ հնչում են մեղադրանքներ աշխատավայրում ոտնձգությունների վերաբերյալ:

2008 և2009 թվականների ընթացքում հետագայում Orange վերանվանված France Telecom ընկերության  35 աշխատակիցներ ինքնասպան են եղել: Դիդիե Լոմբարը և մյուս մեղադրյալները հերքում են, թե ընկերությունը վերակազմավորելու իրենց փորձերը ինքնասպանության են հասցրել մարդկանց:

Վերջերս սեփականաշնորհված ընկերությունը լայնածավալ վերակազմավորման է ենթարկվել: Դիդիե Լոմբարը փորձել է անձնակազմը կրճատել  22 հազարով, ինչպես նաև ևս 10 հազար աշխատակիցների ստիպել վերաորակավորվել:

Աշխատակիցներից մի քանիսը երկտողեր են թողել, որոնցում իրենց ինքնասպան լինելու համար մեղադրել են ընկերության մենեջերներին: Լոմբարին մեղադրել են նաև նրանում, որ ընկերությունում ստեղծվել է «աշխատակիցների կյանքը վատթարացնելուն միտված կորպորատիվ քաղաքականություն», ինչպես նաև նրանում, որ հոգեբանական ճնշման, սպառնալիքների ու հալածանքների միջոցով Լոմբարը մարդկանց ստիպել է ազատվել աշխատանքից: Աշխատակիցներից ոմանք, հակառակ իրենց ցանկության, տեղափոխվել են այլ քաղաքներ, ոմանց թողել են դատարկ օֆիսներում, մյուսներին ստիպել են զբաղվել իրենց որակավորումից ցածր աշխատանքով:

Փոխանցում է BBC-ն: