07.05.2019 14:43

Լիզա Ճաղարյան. Նույնիսկ ամենազոր ամնեզիան չի փրկում Հայկ Հարությունյանին

Լիզա Ճաղարյան. Նույնիսկ ամենազոր ամնեզիան չի փրկում Հայկ Հարությունյանին

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ճանաչում եմ 90-ականներից։ Ձեւավորված տպավորությունս՝ հլու կամակատար էր։ Բախտը բերեր՝ լավ ղեկավար ունենար, ինքն էլ լավը կլիներ, վատ ղեկավարի դեպքում էլ, դե, կդառնար այնպիսին, ինչպիսին էր Քոչարյան Ռոբերտի իշխանավարության տարիներին՝ սրանից բխող տհաճ հետեւանքներով։

Եթե բախտդ չի բերել ու հանուն պաշտոնի՝ սեփական կամքով դարձել ես Քոչարյանի կամակատարը, երկու տարբերակ ունես ներկա իրավիճակում. կամ՝ անկեղծորեն խոստովանում ես, թե ինչ հրամաններ ես կատարել, որոնք չէիր կատարի, եթե որոշողն ինքդ լինեիր, կամ էլ՝ արդարանալու, նաեւ տիրոջդ արդարացնեու համար ստում ես առանց կարմրելու, իսկ երբ ստելն էլ է անհնար դառնում՝ նետվում ես ամնեզիայի «փրկարար» գիրկը։

Ո՞ր ճանապարհն է ընտրել նախկին ոստիկանապետը՝ ըստ մամուլում հրապարակված Մարտի 1-ի քրգործի նրա տված ցուցմունքի։

Միայն ներքոգրյալ հատվածը լիուլի բավարար է փաստելու համար, որ 1999-2008 թվականներին (հենց այս տարիներին էին Հայաստանում «ծաղկում եւ բարգավաճում» մի քանի տասնյակ «չբացահայտված» քաղաքական սպանություններն ու «ինքնասպանությունները») ՀՀ ոստիկանապետ աշխատած այս պարոնն ընտրել է ստի ու կեղծիքի ճանապարհը։ Ի՞նչ է ասում Հայկ Հարությունյանը։ Համբերությամբ ընթերցեք այս փոքրիկ հատվածը. «Քանի որ ցուցարարները հաճախակի երթեր էին կազմակերպում, որի ընթացքում ցուցափեղկերն էին կոտրում, եւ բախումներ էին լինում քաղաքացիների հետ. ընդամենը դա է եղել զեկուցման առարկան»:

Կարիք կա՞ ասելու, թե սա ինչ մակարդակի կեղծիք է։ 2008 թվականի մինչմարտիմեկյան ցույցերի դեմ ամենամոլեռանդ ընդդիմախոսներն անգամ նման անաստված սուտ չեն բարձրաձայնել, տասնօրյա հանրահավաքների եւ երթերի ժամանակ ոչ միայն ցուցափեղկեր չեն կոտրվել, նույնիսկ ծառի ճյուղ չի վնասվել, քաղաքացիների հետ բախումների մասին ասվածն էլ պարոն Հարությունյանի հիվանդ, նաեւ՝ վախից մթագնած երեւակայության արգասիք են։

Բայց այս «զեկուցման առարկան» հո աննպատակ չի՞ ծնվել։ Մարտի 1-ի արյունոտ հաշվեհարդարի իրականացման համար Հայկ Հարությունյանի շեֆը հող էր նախապատրաստում։ Նախ՝ կամակատար ոստիկանապետը զեկուցում է շեֆի թելադրածը, թե ինչպես են ցուցարարները ցուցափեղկեր կոտրում եւ «բախվում» քաղաքացիների հետ (ցուցարարները, փաստորեն, քաղաքացիներ չէին, ըստ ցուցմունք տվող ոստիկանապետի՝ ընդամենը ինչ-որ քաղաքացիների հետ «բախվողներ» էին), հետո պատմում է. «...փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան» (բոլոր մեջբերումները ներկայացնում եմ առանց խմբագրման. – Լ.Ճ.):

Եվ այսպես, Քոչարյանի ցուցումով Հայկ Հարությունյանը հորինում է ի՛ր սուտը, Գորիկ Հակոբյանն էլ ի՛ր սուտը, որ Քոչարյան Ռոբերտը հիմք ունենա ի կատար ածելու իր հրեշավոր ծրագիրը։

Ահա, մինչեւ այստեղ նախկին ոստիկանապետի հիշողությունը դեռ մթագնած չի, փրկարար ամնեզիան օգնության է հասնում քննիչի այս հարցից հետո. «Ծանո՞թ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին եւ դրա բովանդակությանը...»։

Չէ, դրանից հետո ոչինչ չի հիշում՝ հրամանի մասին տեղեկացել է «վերջին ամիսների ընթացքում», տեղյակ չի եղել, որ «դեռեւս փետրվար ամսին Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել Երեւան քաղաք»։

Վստահ եմ, հավատացիք, որ Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել մայրաքաղաք, եւ Հայաստանի գլխավոր ոստիկանապետը տեղյակ չի եղել՝ երեւի իր շեֆի նման «թրաշված չէր»։

Բայց որքան էլ հիշողության կորստին օգնության կանչի պարոն ոստիկանապետը, որքան էլ զգուշորեն ընտրի բառերը, մեծամեծ ստերի հորձանուտում ճակատագրական սխալներ էլ է թույլ տալիս։ Բոլորս ենք հիշում, որ ռոբասերժականները փրփուր ի բերան պնդում էին, որ Մարտի 1-ին ոստիկանները քոչվոր ցեղերի պես չեն հարձակվել քնած ցուցարարների վրա, այլ նախապես բարձրախոսով զգուշացրել են մի քանի անգամ, որ եկել են ընդամենը ստուգելու՝ Հրապարակում զենք-զինամթերք կա՞, թե չկա։ Լսենք Հայկ Հարությունյանին։ Շա՛տ ուշադիր լսենք։ Նա պատմում է, թե ինչու են Հրապարակ մտել առավոտյան ժամը յոթից շուտ, այսինքն՝ օրենքով արգելված ժամի. «Իմ հանձնարարությամբ միջոցառումը պետք է սկսվեր 07:00-ին, սակայն արդեն իրավիճակից ելնելով`մոտ 10-15 րոպե շուտ են որոշել սկսել, քանի որ, ըստ Աֆյանի խոսքերի, ԻՐԵՆՑ ՇՈՒՏ ԵՆ ՆԿԱՏԵԼ (ընդգծումն իմն է. – Լ.Ճ.), ուստի չեն սպասել տարածքը շրջափակող ուժերին եւ մտել են հրապարակ»:

Դե, ո՞նց չասես՝ պարոն Հայկ Հարությունյան, պինդ բռնել էիք «չեմ հիշում»-ի պոչից, շարունակեիք չհիշել, էլի, այդ ի՞նչ մոծակ խայթեց ձեզ, որ Քոչարյանի եւ նրա անձնազոհ փաստաբանների փրկարար վարկածը քանդուքարափ արեցիք ու հաստատեցիք ցուցարարների պնդումը, ըստ որի՝ ոստիկանական պատժիչ խմբերն, առանց նախապես զգուշացնելու, անսպասելի ներխուժել են Ազատության հրապարակ եւ իրականացրել քոչարյանական դիվային ծրագիրը։ Եվ իրոք, ի՞նչ աներ «խեղճ» Աֆյանը, եթե իրենք մտադիր էին ժամը յոթին մտնել ու ջարդել քնած ցուցարարներին, բայց հակառակի պես այդ «ապերախտ» ցուցարարներից ոմանք արթուն էին եղել ու նախատեսված ժամից շուտ «նկատել» էին «խաղաղ միջոցառում» ձեռնարկած ոստիկաններին։

Այսքանով բավարարվենք։ Հայկ Հարությունյանն, ըստ ցուցմունքի, այլեւայլ շատ ուշագրավ դեպքեր ու դեմքերի նույնպես «չի հիշում»՝ ընդհուպ իր ձեռքով ստորագրած հրամանները, բայց այս բեռը թողնենք ապագա դատավարության պատասխանատուների ուսերին, իսկ ոստիկանապետ Հարությունյանին մաղթենք շուտափույթ ապաքինում։ Քրեագիտական պատմությանը բազմաթիվ փաստեր են հայտնի, երբ մեկ էլ անսպասելի ամբաստանյալների հիշողությունը փայլատակում է, եւ նրանք սկսում են հատ-հատ հիշել ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց «պախանների» կատարած հանցագործությունները։