Որոշման նախագիծ Ռադայում՝ Զելենսկու երդմնակալությունը մայիսի 19-ին անցկացնելու վերաբերյալ

Մայիսի 19-ին Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմանակալությանը նվիրված՝ Գերագույն ռադայի հանդիսավոր նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումը գրանցվել է խորհրդարանում և ներկայացվել ղեկավարության քննարկմանը:
Այդ մասին Facebook-ում գրել է որոշման նախագծի հեղինակը՝ Ռադայի անկախ պատգամավոր Վիկտոր Բալոգան: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը Զելենսկու խնդրանքով չի պատրաստել: «Դա իմ անձնական նախաձեռնությունն է: Իմ նկատառումները շատ պարզ են. եթե նոր թիմն ուզում է հնարավորինս արագ անցնել աշխատանքի, ապա դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Նույնիսկ՝ եթե Զելենսկին ուզում է դա անել, որպեսզի ժամանակ ունենա ցրելու խորհրդարանը, ապա անձամբ ես դրանից չեմ վախենում»,- պարզաբանել է Բալոգան: Նա Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյին ու նրա թիմին կոչ է արել խորհրդարանում «չխանգարել երիտասարդների աշխատանքը»:
Վլադիմիր Զելենսկին մայիսի 4-ին նամակով դիմել է Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիին՝ առաջարկելով երդմնակալության արարողությունն անցկացնել մայիսի 19-ին՝ դա հիմնավորելով «իշխանության վակուումից» խուսափելու անհրաժեշտությամբ:
Փոխանցում է tass.ru-ն: