08.05.2019 16:20

Արսեն Գրիգորյան. Տղերք, կաղամբ ցանեք

Արսեն Գրիգորյան. Տղերք, կաղամբ ցանեք

Օրինաչափ է՝ եթե քո բախտը երկար տարիներ չի բերել իշխանություն ունենալու հարցում, առնվազն ինչ-որ ժամանակ չի բերի ընդդիմություն ունենալու հարցում, եթե հանկարծ իշխանություն փոխվեց: Մեզ մոտ իշխանություն փոխվեց, եւ եկավ այդ «բաղձալի» պահը՝ ընդդիմություն չկա: Որովհետեւ նա, ով իշխանությունը կորցնելուց հետո նորմալ երկրում պիտի լիներ ընդդիմություն, Հայաստանում այնպես է մերժվել, որ մարդ չգիտի՝ այդպիսի մերժումից նրանց թոռներն ուշքի կգա՞ն:

Հիմա ի՞նչն է խնդիրը: Խնդիրը միշտ մեկն է՝ քո քաղաքական ընկալումների, առաջնահերթությունների հիմքում Հայաստա՞նն է, թե իշխանությունը: Եթե նպատակդ իշխանություն զավթելը չէ, քեզ ձեռքերի վրա կբերեն իշխանության, եթե նպատակդ Հայաստանը եղավ: Եթե զավթելն է, Հայաստանը քո նպատակներում ցերեկով մոմի լույսի ներքո էլ չեն գտնի: Հետեւաբար՝ մեղք է այս երկիրը, եթե նրա ընդդիմությունը նրանք են, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ իշխանության էին: Մեկ ուրախանում են, որ Մեդվեդեւը «ծիծաղեց» Նիկոլի վրա, մեկ ուրախանում են, որ բելոռուսներն Ադրբեջանին «Պոլոնեզներ» է վաճառում, հետեւաբար՝ մենք արտաքին դիվանագիտություն չունենք:

Տղերք, դրսում տեղի ունեցածի համար գոնե մի ուրախացեք: Թեպետ երկու դեպքում էլ ճիշտ չեք՝ չի ծիծաղել, եւ Պոլոնեզների վաճառքն էլ հաստատված չէ, բայց եթե այդպես էլ լիներ, մի ուրախացեք: Ո՞ւր է ձեր քաղաքական այլընտրանքը: Ի վերջո, եթե հրապարակեիք, տեսնողը եւ լսողը ժողովուրդն է, նրա միջոցով դուք պիտի կարողանաք արձանագրել ձեր իրավացիությունը: Իսկ դուք ժողովրդին դրել եք մի կողմ: Ինչպես իշխանություն եղած  ժամանակ: Ձեզ համար ժողովուրդ չկա, դուք ուղիղ գծով ծաղրում եք նոր իշխանություններին: Առանց քաղաքական փաստարկների: Ո՞րն է ձեր խաղադրույքը: Դուք իսկապե՞ս ուզում եք, որ իշխանությունը ձախողվի: Վազգեն Մանուկյանն արդեն քաղաքական ակումբ է հիմնում ու ամենայն լրջությամբ հայտարարում, որ այնտեղ նախկինները մեծ տեղ ու դեր կունենան: Իսկ իրականում դա լինելու է իշխանության հույսով ձեռքերը շփողների ակումբ, որը սպասում է, որ ձախողումը լինի կատաստրոֆիկ: Իսկ իրենք, մի տեղ թաքնված՝ պատրաստ լինեն, որ ընկնող իշխանությունը բռնեն: Ցանկացած իշխանություն էլ ձախողվում է, բայց պատկերացրեք այն իշխանության ձախողումները, որն ընդդիմություն չունի: Դուք ընդդիմություն չեք: Եթե այս իշխանությունը ձախողվի էլ, ձեզ ետ չի բերելու, բերելու է չմերժվածին: Որովհետեւ մերժվածներին ինքը գիտի ոչ միայն ուղնուծուծով, այլեւ երկրով: Էս երկրի դեմքին արդեն քանդակած են ձեր անհուսալիությունը, ձեր անվերադարձությունը: Դուք ավելի լավ է մտածեք որեւէ հանրօգուտ գործի մասին: Չմերժված Դիոկղետիանոս կայսրը կաղամբ էր ցանում: Դուք առնվազն դա կարող եք անել նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ, որովհետեւ ձեր ձեռքերը հետ են վարժվել հողից:

Դուք հիմա էլ մի ամբողջ ժողովրդի չեք ներում ձեզ ձեր փափկակենցաղությունից դուրս շպրտելու համար: Ամեն գնով իշխանությունը վերադարձնելու ձեր մղումը միշտ ցավոտ է եղել Հայաստանի համար՝ հոկտեմբերի 27, 2004-ի ապրիլի 12, մարտի 1: Մինչդեռ դուք այնպիսի քաղաքական գործունեություն պիտի ծավալած լինեիք, որ ընդդիմություն դառնալու առաջին օրվանից արդեն հնարավոր լիներ խոսել իշխանությունը վերադարձնելու բանական հույսի մասին, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է: Ձեր առաջնորդն ամաչում է խոսել: Նրան նախորդող առաջնորդն արդեն Ղարաբաղն է դնում հարվածի տակ: