09.05.2019 20:40

Հրանտ Մարգարյանը վախենում է, որ ՀՅԴ նախընտրական ծրագիրը իրականություն կդառնա՞

Հրանտ Մարգարյանը վախենում է, որ ՀՅԴ նախընտրական ծրագիրը իրականություն կդառնա՞

Մինչեւ վերջերս ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանը նախօրեին ուշագրավ հայտարարություն է արել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:

Ստեփանակերտում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ Մարգարյանը հայտարարել է.

«Իրականության մեջ Արցախը Հայաստանի գոյության կենսական անհրաժեշտություն է։ Մենք վերջին 10-11 տարվա ընթացքում ճիգ ենք թափել գոյություն ունենալու համար։ Հիմա մենք կարող ենք զարգացման ուղի դուրս գալ, բայց զարգացման ուղի դուրս գալ զիջելով չենք կարող։ Ամբողջ խնդիրն այս է։ Եթե մտածում ենք, կզիջենք ու հարցը կվերջանա, ապա սխալվում ենք։ Նվազագույն զիջումը մեզ կտանի կործանման:

Մենք պետք է բանակցենք, բայց նաեւ հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է: Ուստի մենք դրան պետք է պատրաստվենք:

Վախենում եմ, որ մի օր Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը։

Վախենում եմ, որ այդ օրը մենք մեր դիմադրողականությունը կկորեցնենք և ասենք, պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներից, բայց իրականության մեջ մեզ այս Արցախն է պետք»:

 

Այսինքն, Մարգարյանի կարծիքով ԼՂ հիմնախնդիրը չպետք է կարգավորվի, որեւէ փոխզիջումային տարբերակով հակամարտության կարգավորում եւ խաղաղություն մեզ պետք չէ, անգամ եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ փաստացի, որ հակամարտությունը, հետեւաբար, եթե անհրաժեշտ է՝ նաեւ պատերազմը/պատերազմները պետք է չդադարեն, եթե պետք է՝ դարեր տեւեն:

Հիմա ամենաուշագրավը․ իր այս հայտարարությունների համատեքստում պարոն Մարգարյանը քննադատում է Հայաստանի նոր իշխանությանը, թե ահա տեսեք` իշխանությունները կարգավորում են ցանկանում, վատ-վատ բաներ են անելու այդ առումով` փոխզիջումների են գնալու:

Եթե Հրանտ Մարգարյանը առանձին անհատ լիներ, կապ ունենար մի կուսակցության հետ, որ երբեւէ Հայաստանում իշխանության չի եղել ու էն գլխից նույն միտքն է ասել, խնդիր չէր լինի:

Բայց Մարգարյանը մինչեւ վերջերս եղել է ՀՅԴ փաստացի ղեկավարը` Բյուրոյի ներկայացուցիչը, իր ղեկավարած կուսակցությունը մասնակցել է Հայաստանյան համապետական ընտրություններին, ներկայացրել է նախընտրական ծրագրեր, որտեղ գրում էր, թե ինչպես է այդ կուսակցությունը լուծելու այս կամ այն խնդիրը` իշխանության գալու դեպքում, եւ նաեւ կոալիցիոն տարբերակով երկար տարիներ իշխանության մաս է կազմել:

Եւ այդ համատեքստում պետք է հասկանալ` արդյո՞ք ՀՅԴ նախընտրական ծրագրերն էլ այս ոգով էին կազմված:

Հիշեցնենք, որ Մարգարյանը ՀՅԴ-ն ղեկավարել է 2000 թվականից սկսած:

Եւ այսպես, մի փոքր հետ գնանք եւ հասկանանք, թե նույն Մարգարյանի ղեկավարած Դաշնակցությունը ընտրողներին ինչ էր խոստանում ԼՂ հիմնախնդիրի հարցում` իշխանություն ունենալու պարագայում:

 

2007 թվական, ԱԺ ընտրություններ: ՀՅԴ նախընտրական ծրագիր:

 

«Արցախյան հիմնախնդիրը հայ դատի բաղկացուցիչ մասն է, եւ պետք է առանցքային տեղ գրավի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»:

 

2007-ին, փաստորեն, Դաշնակցությունը լուծման որեւէ ձեւ չուներ, կամ ուներ, բայց չէր բարձրաձայնում:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ՀՅԴ-ն` իշխանական կոալիցայի կազմում էր, Քոչարյանը միանձնյա բանակցում էր ԼՂ հարցով, ընտրություններից ամիսներ անց էլ նա համաձայնություն տվեց Մադրիդյան տարբերակին:

 

2012 թվական: Այս ընտրություններից առաջ արդեն` Սերժ Սարգսյանի օրոք, ՀՅԴ-ն հստակ մոտեցում ներկայացրեց իր ծրագրում:

 

«Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորելու հայեցակարգով կապահովվի, որ հայկական կողմերի (Հայաստան-Արցախ) փոխզիջումը չարձանագրի նահանջ Արցախի ժողովրդի 1991թ. Անկախության և 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքից և լինի համարժեք ու համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին:

Կպահանջվի, որ Արցախը, լինելով հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ, ճանաչվի և հանդիսանա իրավահավասար բանակցային կողմ, իսկ Հայաստանը կճանաչվի և կհանդիսանա ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավոր: Հայաստանի և Արցախի միջև կկնքվի համաձայնագիր՝ ռազմավարական դաշինք ձևավորելու մասին, Ադրբեջանի հետ ուժի կիրառումը բացառող եռակողմ պայմանագիր ստորագրելու խնդիր կդրվի: Արտաքին քաղաքականության օրակարգում կամրագրվի և կհետապնդվի ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրների լուծման առաջնայնությունը ապահովելու նպատակադրումով»:

 

Ինչպես տեսնում ենք, 2012-ին ՀՅԴ-ն արդեն բաց ներկայացնում էր իր մոտեցումը` կարգավորում եւ փոխզիջում:

 

ԱԺ 2017 եւ 2018 թվականների ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն նույն ծրագիրը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի հարցում, որտեղ արդեն այլ բառապաշարով, շատ հեռակա, բայց էլի փոխզիջումային կարգավորման տարբերակին էր փաստացի նախապատվություն տրվում: 

 

«Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ:

Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է:

Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»:

 

Այսինքն, ՀՅԴ-ն հայտարարում էր, որ չպետք է միակողմանի զիջումներ լինեն, եւ անգամ չպետք է խոսել դրանց մասին, այնինչ Հայատանում որեւէ մեկը միակողմանի զիջումներից երբեք էլ չէր խոսել, բոլորն էլ պնդում էին փոխզիջումային տարբերակը:

2017 թվականի ընտրություններից հետո, հիշեցնենք, ՀՅԴ-ն ոչ միայն նորից կոալիցիա կազմեց իշխանության հետ, այլեւ արդեն գրավոր տեքստով պատասխանատվություն ստանձնեց իշխանության գործունեության բոլոր ոլորտների, այդ թվում` արտաքին քաղաքականության համար:

 

Եւ փաստորեն, Հրանտ Մարգարյանը այսօր, երբ իշխանություններըմ ըստ էության, հրապարակավ անում եւ ասում են այն, ինչ գրված է եղել իրենց ծրագրերում, մեղադրում է այսօրվա իշխանություններին եւ վախենում, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը (այն, ինչ գրված է ՀՅԴ ծրագրում), որը, ըստ ՀՅԴ-ի՝ մարտավարական լուծում է, ինչից հետո Արցախը պիտի միավորվի Հայաստսանի հետ: Այսօր, փաստորեն, Մարգարյանը, վախենում է, որ ՀՅԴ նախընտրական ծրագիրը, որ գրվել էր իր ղեկավարության ժամանակ, իրականություն կդառնա, եւ հակամարտությունը կկարգավորվի:

Իսկ թե ինչու պարոն Մարգարյանը չի ցանկանում, որ հակամարտությունը կարգավորվի, անգամ եթե Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի, ինչու է նա ցանկանում, որ հակամարտությունը շարունակվի, դա էլ թող հասարակությունը հետեւություններ անի:

 

Պարգեւ Ապրեսյան