10.05.2019 16:54

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը պետությանը մոտ 100 մլն-ի վնաս էր պատճառել

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը պետությանը մոտ 100 մլն-ի վնաս էր պատճառել

Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ 2018 թվականին ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։

«Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2015-2017թթ․ ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․913․800 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասններեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամի գույքային վնաս։ Տնօրենի կողմից հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ։